211652_close_icon
views-count79899 դիտում article-date 14:50 09-05-2023

Կասկադյորական ավտովթար Երևանում․ Nissan-ը մխրճվել է «Հայբիզնեսբանկի» մասնաճյուղի տարածք․ վարորդին ու վիրավորին, մինչ շտապօգնության ժամանումը, օգնություն են ցուցաբերել բանկի աշխատակիցները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 9-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Nissan Fuga մակնիշի ավտոմեքենան Կիևյան փողոցում մխրճվել է Երևանում գործող բանկերից մեկի տարածք։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին առաջինն օգնության են հասել բանկի աշխատակիցները, իսկ վթարից բացի՝ NIssan-ը վրաերթի է ենթարկել մի հետիոտնի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տարածքը պարեկների կողմից սահմանազատվել է։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի դասակի հրամանատար Բագրատ Ռաֆայելյանը, ջոկի հրամանատար Կոլյա Մարտիրոսյանը և ավագ տեսուչ Կարո Վարդանյանը։  

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՊԾ Երևանի քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և հատկապես կարևոր գորերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայութունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցկի առաջ խոսել, ֆոտոլագրողի հետ զրույցում ասում էին․ «Սենց բան մենակ կինոներում կտենաս։ Ուժեղ ձայն լսեցինք, մեկ էլ տեսնենք ի՞նչ՝ ավտոն մտել է բանկ։ Լավ էր՝ մինչև շտապօգնությունը կգար, բանկի աշխատողները շոֆերին ու մի երիտասարդ աղջկա, ով անցնում էր այդ վայրով, օգնություն ցուցաբերեցին։ Ու երբ սկորին եկավ, վիրավորին բանկի աշխատակիցները բժիշկների հետ մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային։ Հիմա ոնց չասես՝ հալալ ա էդ բանկի աշխատողներին։ Շոֆերը իրենց մի քանի միլիոնի վնաս է տվել, բայց իրենք իրենց մարդկային քայլը արեցին։ Առաջին պահից օգնության հասան։ Միակ սփոփանքը էն ա, որ լավ ա՝ զոհեր չկան։ Մնում ա իրավապահները պարզեն, թե ինչն է եղել վթարի պատճառը։ Միգուցե վարորդի ինքնազգացությունն ա վատացել, միգուցե ավտոմեքնայի հետ տեխնիկական խնդիր է առաջացել, միգուցե այլ պատճառ է եղել»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 141+
141+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր