211652_close_icon
views-count1060 դիտում article-date 17:03 15-05-2023

ԼՂ-ում հիմնարար վեճը կայանում է իրենց հայրենի հողում ազատություն և ինքնակառավարում փնտրող մարդկանց և ավտորիտար ագրեսորի միջև. Freedom House

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցություններին` ադրբեջանական ուժերը շարունակում են  շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ և ավելացնելով աշխարհի ժողովրդավարական պետությունների կողմից հրատապ օգնության կարիքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամին և խաղաղ բնակչության դեմ վայրագությունների կանխման անհրաժեշտությանն է անդրադարձել Freedom House իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հոդվածը: Հայաստանում կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանի հոդվածը կրում է հետևյալ խորագիրը՝ «Մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, Լեռնային Ղարաբաղի բնակիչները բախվել են ավտորիտար շրջափակման»:

Մանրամասն անդրադարձ է կատարվում նաև ռուս խաղաղապահներին, որոնք տեղակայվել են շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում: Ըստ հոդվածի հեղինակի՝ 2022 թ.-ի փետրվարից Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած պատերազմը նվազեցրել է Մոսկվայի հնարավորությունները՝ ազդելու Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վրա, ինչն էլ Հայաստանի իշխանությունների և հասարակության քննադատությանն է արժանացել:

«Լեռնային Ղարաբաղում անմիջական ճգնաժամը մարդասիրական է, սակայն հիմնարար վեճը կայանում է իրենց հայրենի հողում ազատություն և ինքնակառավարում փնտրող մարդկանց և ավտորիտար ագրեսորի միջև, որը նախընտրում է սպանել կամ վտարել նրանց, քան ճանաչել նրանց հիմնարար իրավունքները: Մինչ աշխարհի ժողովրդավարական երկրներից շատերը համախմբվում են՝ ընդդիմանալու Մոսկվայի Ուկրաինա ներխուժմանը, նրանք չպետք է մոռանան, որ այլ, նմանատիպ անարդարություններ են ծավալվում այլուր՝ սպառնալով նվաճողական պատերազմների դեմ միջազգային արգելքին, որի պահպանման համար ուկրաինացիներն այնքան դժվար պայքար են ծավալել», - նշում է հոդվածի հեղինակը: 

Ըստ հեղինակի՝ ժողովրդավարական պետությունները պետք է ազդեն միջազգային կառույցների վրա, ինչպիսիք են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպեսզի օգնեն կիրառել, օրինակ՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ ապահովելով, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը գործնականում ավարտվի:

Նմանատիպ նյութեր