211652_close_icon
views-count967 դիտում article-date 19:20 15-05-2023

Արդարադատության նախարարությունը գրանցել է բարձր ցուցանիշ․ ներկայացվել է հակակոռուպցիոն ռազմավարության և իրականացման միջոցառումների կատարման տարեկան զեկույցը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը՝ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022 թվականի տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցի շնորհանդեսին, իր ելույթում նշել է, որ ԱՆ-ն ամփոփել է 2022 թվականի տարեկան մոնիթորինգի և գնահատման զեկույցը՝ համաձայն որի ունենք իրականացման էականորեն բարձր ցուցանիշ՝ 80.2%, ինչն ապացույցն է Կառավարության պատրաստակամությանը՝ կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի հարցում։

Իր խոսքում Կարեն Կարապետյանը նաև ներկայացրել է վերջին 4 տարիների ընթացքում հակակոռուպցիոն բարեփոխումները՝ անդրադառնալով հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորմանը, կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված օրենսդրական կարգավորումների բարելավմանը, կոռուպցիոն հանցագործությունների շրջանակի վերանայման, բարևարքության համակարգի ինստիտուցիոնալ և իրավական հենքի ընդլայնմանը, տնտեսական մրցակցության պաշտպանության համակարգի բարելավմանը, հանրային ծառայությունների լայն շրջանակի թվայնացմանը, մոնիթորինգի և գնահատման կառուցակարգերի բարելավմանը, միջազգային համագործակցության ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում հատուկ կարևորություն է տրվել հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման ջանքերին։

Հանդիպման արդյունքների ամփոփման շրջանակում ընդգծվել է, որ հակակոռուպցիոն բարեփոխումների շարունակականությունը տեղ կգտնի նոր հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում։ Այս ենթատեքստում կարևորվել է քաղաքացիական հասարակության դերը՝ ռազմավարական պլանավորման, այլընտրանքային գնահատումների և այլ մեխանիզմների միջոցով խնդիրների վերհանման և առկա կառուցակարգերի կատարելագործման գործում:

Զեկույցը մշակվել էր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցության շրջանակներում։

Նմանատիպ նյութեր