211652_close_icon
views-count694 դիտում article-date 14:52 17-05-2023

ԱԺ հանձնաժողովը հավանություն չտվեց արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորումը պարզեցնող նախագծին

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով փոփոխություններ է առաջարկվում արտադրական կանեփի հետ կապված գործունեության՝ արտադրության, ներմուծման, արտահանման լիցենզիա ստանալու կարգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հանձնաժողովին ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

«Գործող օրենսդրությամբ տնտեսավարողներից պահանջվում է անպայման լիցենզավորման փաստաթղթերի հետ մեկտեղ նաև բիզնես ծրագրի ներկայացնում: Մեր փորձառությունը ցույց է տվել, որ դրա կարիքը չկա»,- ասաց Նանուշյանը:

Այսպիսով, արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորման համար բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջը նախատեսվում է հանել:

Նախագծի առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում լրացվել են որոշակի սահմանումներ, օրինակ՝ արտադրական կանեփի չորացված զանգված հասկացությունը: Կառավարության համար սահմանվել են որոշակի լիազորություններ, օրինակ՝ ոչնչացման պահանջները սահմանելու համար:

«Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկվել է մեկ տարին դարձնել 2 տարի: Տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ենք տալիս մինչև 2 տարվա ընթացքում պատրաստել արտադրությունը՝ կառույցները հիմնելով և մնացած պահանջները սահմանելով: Մտահոգություն էր հնչել, որ հնարավոր է՝ որոշ դեպքերում մեկ տարին բավարար չի լինում այդ ամենը նախապատրաստելու»,-ասաց Նանուշյանը:

2021-ին ընդունված օրենքով Հայաստանում թույլատրվելու են արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը, մեծածախ առևտուրը: Արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը հանդիսանում են լիցենզավորման գործունեության տեսակ: 

Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե արդյոք 2 տարի առաջ օրենքի ընդունումից հետո առկա տնտեսական ակնկալիքները չեն արդարացե՞լ և հիմա ներկայացված նախագծով փորձում են այդ խոչընդոտները վերացնե՞լ, որ այդ բիզնեսը զարգանա:

Նանուշյանը պատասխանեց, որ 1.5-2 տարիների ընթացքում, երբ օրենքը և ենթաօրենսդրական ակտերը սկսեցին գործել և լիցենզավորման գործընթացը սկսվեց, վերհանեցին որոշ խնդիրներ, խոչընդոտներ: «Եվ հիմա դրանք վերացնելով՝ նպատակ ենք հետապնդում, որ օրենքն ավելի արդյունավետ կիրարկվի»,-նշեց նա:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց՝ երբ 2 տարի առաջ քննարկել են արտադրական կանեփի զարգացումը, ցանկացել են այնպիսի կարգավորումներ ունենալ, որի արդյունքում կստեղծվի ոլորտ, որը զգալի կլինի տնտեսության մեջ: «Հիմա, 2 տարի անց, երբ մենք ունենք 1 ընկերություն, որը «ախորժակը կորցրել է» այս բիզնեսի նկատմամբ ու փակվելու մտադրություն էլ ունի, կարիք կա մոդելն ընդհանրապես վերանայելու»,-ասաց նախարարը:

Ըստ նախարարի՝ դա նաև գյուղատնտեսության ճյուղ է, նաև հնարավորություն կա դեգրադացված հողերի վրա այդ արդյունաբերությունը զարգացնել, լավացնել հողերը, զարգացնել գյուղատնտեսությունը:

Սակայն Բաբկեն Թունյանը կարծիք հայտնեց, որ նախագիծը էական խնդիր չի լուծելու, բացի այդ՝ վստահ չէ, որ այն լրացուցիչ խնդիրներ չի առաջացնելու: Պատգամավորը ցանկություն հայտնեց առանձին աշխատանքային քննարկման ձևաչափով խոսել դրանց մասին: «Կարծում եմ՝ եթե տնտեսվարողները 2 տարի դիմացել են, 1 ամիս էլ կդիմանան»,- ասաց նա՝ առաջարկելով հետաձգել նախագիծը:

Փոխնախարարը, սակայն, դեմ արտահայտվեց հետաձգելուն՝ հավելելով, որ տնտեսվարողներն այդպիսով շարունակելու են խոչընդոտներ ունենալ: Թեև նախագիծը հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ, սակայն կքննարկվի լիագումար նիստում:

Նմանատիպ նյութեր