211652_close_icon
views-count1771 դիտում article-date 16:53 20-05-2023

Մեծամորը պաշտոնապես հռչակվել է Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մշակույթի տանը տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2023 երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման պաշտոնական բացման արարողությունը։ Հանդիսավոր պայմաններում Մեծամորին են հանձնվել խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով Մեծամոր համայնքին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը: Այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է մեծամորցիներին տոնի առթիվ և կարևորել «Հայաստանի Հանրապետության երիտասարդական մայրաքաղաք» մրցույթը մի քանի շեշտադրմամբ. «Նախևառաջ այս ծրագիրը հնարավորություն է մրցակցային հիմունքներով երիտասարդներին մղելու իրենց քաղաքներում աշխուժացնելու երիտասարդական կյանքը։

Հայաստանում այսօր, ավելի քան երբևէ, կարևորվում է այն հանգամանքը, որ մարդն, անկախ իր բնակության վայրից, սոցիալական տարբեր որակյալ ծառայությունների հասանելիություն ունենա։ Այս մոտեցումն է դրված ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրում և երիտասարդական քաղաքականության հիմքում։ Հաջորդ կարևոր մոտեցումը երիտասարդների համար համապատասխան միջավայրի ստեղծումն է, որտեղ նրանք հնարավորություն կունենան քննարկելու իրենց բնակավայրի, համայնքի, պետության, երիտասարդության վերաբերյալ տարաբնույթ հարցեր, ստանալու ոչ ֆորմալ կրթություն, իրազեկվելու պետական, միջազգային ծրագրերի մասին՝ ապահովելով իրենց մասնակցությունը»։

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Մեծամորն ուղենիշ է՝ քաջալերելու մյուս համայնքներին շահագրգիռ կողմերի՝ պետական գերատեսչությունների, ՏԻՄ-երի, միջազգային և տեղական կառույցների հետ համագործակցությամբ նախաձեռնել և իրականացնել համայնքահեն ծրագրեր։ Նա կոչ է արել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, գործընկեր կազմակերպություններին առաջիկա ծրագրերի իրականացման կիզակետում պահել Մեծամոր համայնքը՝ որպես 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք։

Նմանատիպ նյութեր