211652_close_icon
views-count69241 դիտում article-date 22:34 23-05-2023

Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին. մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծած 40 մլն դրամի մահաբեր թմրամիջոցներն ստացող անձը «Հայփոստում» բռնվեց

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը հայտարարել են 2023 թվականը պայքար թմրամոլության և թմրամիջոցների տարածման դեմ, և դրա արդյունքում հանրապետությունում ոստիկանությունը հայտնաբերել է մեծ թվով թմրամիջոցներ, կանխել ապօրինի թմրամիջոցների տարածումը։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի 56-ամյա բնակչի անունով մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներմուծվում առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և որ զբաղվում են նաև այն իրացնելով։

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանի և ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ ստեղծվում են օպերատիվ-հետախուզական խմբեր և քրեական հետախույզները մի քանի օր շարունակ իրենց տեսադաշտում են պահում ենթադրյալ կասկածյալին։

Երեկ՝ մայիսի 22-ին, ոստիկանները հերթական օպերատիվ տեղեկություններն են ստանում, որ տվյալ անձը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի «Հայփոստի» բաժանմունքից պետք է ստանա կասկածելի ծանրոցը։ Եվ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի բաժնի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները նշված գյուղի «Հայփոստ»-ից թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիման վրա ձերբակալում և ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկում այդ քաղաքացուն, որից հետո տեղեկությունը փոխանցում են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տնտեսական գործունեությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Հայփոստի» մոտից ոստիկանության Աշտարակի բաժնի տեղափոխված քաղաքացու անձնական խուզարկությամբ՝ ձեռքին առկա ծանրոցի միջից հայտնաբերվել է «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող «Սուբուտեքս» տեսակի 866 հատ ամբողջական և 47 հատ վնասված սպիտակ գույնի հոգեմետ դեղահաբեր:

 Առանձնապես ծանր այս հանցագործությունը բացահայտվել է ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տվյալները պրոֆեսիոնալ ձևով իրականացնելու շնորհիվ և այդ բացահայտումը կարելի է տեղավորել ՀՀ ՆԳ նախարար Վ․ Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Ա․ Հովհաննիսյանի հանձնարարականներով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերված թմրամիջոցն արժե մոտ 40 միլիոն դրամ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր