211652_close_icon
views-count30308 դիտում article-date 14:24 27-08-2024

Ոստիկանության «Զվարթնոց»-ի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին․ «VIP» ժամանած «Toyota Camry»-ում հայտնաբերվել է «ՏՏ» տիպի լիցքավորված ատրճանակ․ ձերբակալվածների մեջ է «Շահումյան-գազ»-ի տնօրենը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահ (VIP) են ժամանելու մի քանի քաղաքացի՝ գոլդ համարանիշներով ավտոմեքենաներով, որոնց մեջ լինելու է տարբեր տեսակի զենք և զինամթերք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10։30-ի սահմաններում նշված վայրում նկատվել են նշված ավտոմեքենաները, որոնց ստուգմամբ «Toyota Camry» մակնիշի 04 OQ 444 համարանիշի ավտոմեքենայի դիմացի ուղևորի նստատեղին եղել է ձեռքի պայուսակ, որի մեջ առկա է եղել «ՏՏ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներով, ինչի համար վարորդը և ուղևորը ձերբակալվել և ներկայացվել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունում պարզվել է, որ այդ քաղաքացիներն են Արարատի մարզի բնակիչներ 42-ամյա Նելսոն Հ․-ն և 33-ամյա Էդգար Գ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք  Նելսոն Հ․-ի և Էդգար Գ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժին:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Էդգար Գ․-ն «Շահումյան-գազ» ՍՊԸ-ի տնօրենն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր