211652_close_icon
views-count895 դիտում article-date 13:39 26-05-2023

Պենտագոնի ղեկավարը հաջորդ շաբաթ կայցելի Ճապոնիա, Սինգապուր, Հնդկաստան և Ֆրանսիա

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաջորդ շաբաթ կմեկնի Ճապոնիա, Սինգապուր, Հնդկաստան և Ֆրանսիա: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Պենտագոնի տարածած հաղորդագրությունը:

«Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջան իր յոթերորդ պաշտոնական այցի շրջանակներում պաշտպանության նախարար Օսթինը կուղևորվի Տոկիո՝ հանդիպելու Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Համադայի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև կայցելի Ճապոնիայում տեղաբաշխված ամերիկյան զորքերին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Պենտագոնի ղեկավարի այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն և Ճապոնիան կարևոր քայլեր են ձեռնարկում դաշինքի հնարավորությունների արդիականացման, ԱՄՆ-ի զինված ուժերի կառուցվածքի օպտիմալացման և համախոհ գործընկերների հետ կապեր հաստատելու ուղղությամբ։

Ճապոնիայից Օսթինը կմեկնի Սինգապուր, որտեղ ճառով հանդես կգա «Շանգրի-Լա երկխոսության» 20-րդ լիագումար նիստում։

«Միջոցառման շրջանակներում նախարարը կհանդիպի կարևոր առաջնորդների հետ՝ առաջ մղելու ԱՄՆ-ի պաշտպանական գործընկերությունը ողջ տարածաշրջանում», - հաղորդել է Պենտագոնը:

Օսթինի հաջորդ կանգառը կլինի Նյու Դելին, որտեղ նա կհանդիպի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինկհի և մյուս  ղեկավարների հետ:

ԱՄՆ-ի նախարարն իր այցը կավարտի Ֆրանսիայում, որտեղ ներկա կգտնվի Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 79-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այստեղ Պենտագոնի ղեկավարը կհանդիպի Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Սեբաստիան Լեկորնյուի և Բեն Ուոլեսի հետ։

Նմանատիպ նյութեր