211652_close_icon
views-count54912 դիտում article-date 23:09 26-05-2023

Առեղծվածային պայթյուն՝ Արագածոտնի մարզի ավտովերանորոգման կետում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, ում վերջույթները, ըստ դեպքի վայրում հավաքվածների, կտրվել են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 19․00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ափնագյուղ գյուղում պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, Ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ։

Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ նույն գյուղի Երևանյան խճուղու 1 հասցեում գործող ավտովերանորոգման կետում Արագածոտնի մարզի բնակիչ, 42-ամյա Էդիկ Մ․-ն ավտոմեքենայի առանձնացված շարժիչի վրա վերանորոգման աշխատանքներ է կատարել, երբ շարժիչի ներքևի հատվածում դեռևս չպարզված հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով Էդիկ․Մ․-ն մարմնական վնասվածքներ է ստացել, և ըստ դեպքի վայրում հավաքվածների, վերջույթները կտրվել են։

Վիրավորը քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Պայթյունի հետևանքով վնասվել են ավտովերանորոգման կետի տանիքը, մոտակա ավտոտեխսպասարկման կետի ապակիները և Jeep մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը։

Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+

Նմանատիպ նյութեր