211652_close_icon
views-count37797 դիտում article-date 17:50 08-06-2023

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են 2 Mercedes-ներ. 7 վիրավորներից 3-ը երեխաներ են․ ժամանել է Արմավիրի մարզի ոստիկանապետը․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 30 կմ հատվածում, Արշալույս գյուղի վարչական տարածքում բախվել են 2 Mercedes-ներ։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, որից 3-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ 

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց։ Մեկը հայտնվել է բաժանարար գոտու գազոնում, մյուսն էլ՝ դաշտում։

Օպերատիվ են գործել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից երեխաները ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն ու Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։ 

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից 3-ին հիվանդանոց է ուղեկցել Արմավիրի մարզի ոստիկանապետը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են իրականացնում նույն վաշտի ավագ տեսուչներ Լեռնիկ Հովսեփյանն ու Սարգիս Սարգսյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Mersedes ​ մակնիշի 36 СV 577 համարանիշի վարորդը եղել է ոչ սթափ:

​ Դեպքի վայր ժամանած մի երիտասարդ փորձել է ճանապարհային ոստիկաններին համոզել, որ վարորդը ինքն է եղել, բայց արդյունք չի տվել ու տեղում իսկական վարորդը խոստովանել է, որ ով փորձել է ներկայանալ որպես վարորդ, նա չէ, եւ նա իր որդին է:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր