211652_close_icon
views-count36222 դիտում article-date 10:02 09-06-2023

Դետեկտիվ ժանրի վնասազերծում Գեղարքունիքի մարզում․ տղամարդը սպառնում էր 2 մարտական նռնակները պայթեցնել ու սպանել ընտանիքի անդամներին․ մինչ քննիչը զննություն էր կատարում, պարեկները հայտնաբերեցին թաքցրած նռնակները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 8-ին, դետեկտիվ ժանրի վնասազերծման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, և ահազանգողն առանց հստակ ինչ-որ բան ասելու, շնչակտուր, անհասկանալի արտահայտություններ է անում։ 

Օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողը հեռախոսի մյուս կողմում լսում է կնոջ և երկու տղամարդու վիճաբանության, բղավոցի ձայներ։ Եվ այդ խոսակցության ժամանակ լսում է, որ տղամարդկանցից մեկն ասում է, որ մյուսի մոտ նռնակ կա, ապա հեռախոսազանգն ընդհատվում է։ Զանգահարողը չի հայտնում նաև, թե որտեղից է ահազանգել։

Օպերատիվ կառավարման կենտրոնից հետադարձ զանգին բղավոցով պատասխանում է մի կին և հայտնում, որ թյուրիմացություն է, երեխան պատահաբար է զանգահարել, դա չի համապատասխանում իրականությանը։ 

Ոստիկանները, սակայն, այդ կնոջ հայտնածը, ժողովրդի լեզվով ասած՝ «հալած յուղի տեղ» չեն ընդունում։

Կարճ ժամանակում պարզում են, որ ահազանգը հնչել է Գեղարքունիքի մարզից և տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տեղում մարզի ոստիկանապետ Արթուր Զոհրաբյանի, Ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ ճշտում են ահազանգող բնակչի բնակության վայրը և մեկնում այնտեղ։ 

Ահազանգը հնչած է լինում Լեռնակերտ գյուղի բնակիչ Կառլեն Մ․-ի բնակարանից։

Ոստիկաններին ու պարեկներին են միանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի, ավագ քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Արդեն տեղում իրավապահները պարզել են, որ 40-ամյա Կառլեն Մ․-ն և 45-ամյա Արտյոմ Մ․-ն հաճախակի վիճաբանություն են ունենում ընտանիքում, ծեծում, բռնություն կիրառում, երբեմն էլ սպառնում են, որ նռնակով կպայթեցնեն։ Եվ երեկ, ժամը 20։00-ի սահմաններում Արտյոմ Մ․-ն 2 նռնակը ձեռքին, գինովցած վիճակում մտել է տուն, ծեծի ենթարկել ընտանիքի անդամներին և սպառնացել, որ նռնակներով կպայթեցնի ու կսպանի նրանց։ Ապա իր հոր՝ Կառլեն Մ․-ի, և եղբոր՝ Աբրամ Մ․-ի, դիմադրությանը հանդիպելով, դուրս է եկել տանից։

Արդեն ժամանած ոստիկաններն ու քննիչները սկսում են գործողություններ կատարել։ Ու մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, իսկ ոստիկանները զրուցում էին ընտանիքի անդամների հետ, ՊԾ Գեղարքունիքի գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանը տան այգում, խոտերի մեջ հայտնաբերում է կասկածելի պոլիէթիլենային տոպրակ։ Արդեն զննությամբ տոպրակում հայտնաբերվում են 2 հատ «Ֆ-1» նռնակներ իրենց պայթուցիչներով։

Այունհետև ոստիկանների ու քննիչների բացատրական աշխատանքն իր արդյունքն է տալիս։ Կառլեն Մ․-ն առանձնատնից քիչ հեռավորության վրա գտնվող կիսաքանդ շինությունում առկա մեղվափեթակի արկղի միջից ոստիկաներին և քննիչներին է ներկայացնում 1 հատ 4 լիտր տարա, որի մեջա առկա է լինում 181 գրամ մաքուր քաշով դեղնականաչավուն, կանեփանման, մանրացված զանգված և 1 հատ 3 լիտրանոց տարա, որի մեջ էլ լինում է դեղնականաչավուն հեղուկ։ Հայտնաբերվում են նաև կանեփի զանգված ծխելու համար, տարբեր չափերի պլաստմասե շշեր և 1 հատ ներարկիչ։

Արդեն փաստերի ճնշման տակ Կառլեն Մ․-ն հայտնում է, որ հայտնաբերված կանեփաման զանգվածը պատկանում է իր որդի Արտյոմ Մ․-ին, ով այն օգտագործել է պլաստմասե շշերի միջոցով ծխելու եղանակով։

Դեպքի փաստով՝ Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Արտյոմ Մ․-ն հայտնաբերվել և ձերբակալվել, ապա տեղափոխվել է Ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Մարտունու քննչական բաժին։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր