211652_close_icon
views-count1102 դիտում article-date 14:50 16-06-2023

Ադրբեջանցիներն ավերել են 19-րդ դարում կառուցված Հալիվորի կամուրջը

«Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) կայքը հրապարակել է  տիեզերական լուսանկարներ,  որտեղ երևում է, որ ադրբեջանցիներն ավերել են Հալիվորի կամուրջը։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության  Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը և տեղեկություն ներկայացրել Հալիվորի կամրջի մասին: 

Հալիվորի կամ Հալևորի կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2կմ հարավ-արևմուտք` Իշխանագետի վրա: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված քարի վրա փորագրված և ցարդ պահպանված շինարարական 7 տողանի արձանագրության` կառուցվել է 1835թ.:

Այն Իշխանագետի և նրա վտակների վրա կառուցված 6 կամուրջներից մեկն էր, որոնցից չորսն անխափան պահպանվում են և գործում:

Հալիվորի կամուրջն ասես Իշխանագետի կանաչ գոտին լինի: Իրականում այդ գոտին Մեծ Թաղերի տարածքը գետի վրայով կապում էր Տումի գյուղի տարածության հետ: Միակամար, կիսագլանաձև թաղով ծածկված կամուրջն իրար էր կապել ժայռոտ ձորափերը: Այն ուներ 20 մետր երկարություն, 3 մետր լայնություն և 9 մետր բարձրություն: Կամարային բացվածքի լայնությունը կազմում էր 9 մետր: Շինարարական կիսաեղծ արձանագրությունը գտնվում է հյուսիս-արևմտյան խելի պատին ագուցած արձանագրության մեջ:

Նմանատիպ նյութեր