211652_close_icon

Թույլատվական փաստաթղթերի ստացումը հնարավոր է էլեկտրոնային հարթակում․ ՊԵԿ

views-count970 դիտում article-date 16:04 19-06-2023
«ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում 2021 թվականի հոկտեմբերից Պետական եկամուտների կոմիտեի գործարկած «Թույլատվական փաստաթղթեր» համակարգին աստիճանաբար միացել են թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 13 պետական մարմին և կազմակերպություն:  Համակարգում արդեն իսկ ներկայացված է ավելի քան 30 թույլատվական փաստաթուղթ։ Հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Արտաքին տնտեսական գործունեության մասնակցները բացառապես առցանց են դիմում և ստանում արտահանման, ներմուծման, ինչպես նաև տարանցման ժամանակ կիրառվող ցանկացած լիցենզիա կամ թույլտվություն՝ առանց որևէ պետական մարմին այցելելու: Էլեկտրոնային հարթակը բազմաճյուղ ինտեգրացիա է ապահովում նաև մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հետ, որից օգտվողներն ավտոմատ ստանում են նույն լիազորությունները նաև թույլատվական փաստաթղթերի համակարգում, և հակառակը: Հնարավորություն է ընձեռվել նաև փաստաթղթերի համակարգից ձևավորել մաքսային հայտարարագիր, իսկ մաքսային հայտարարագրից՝ թույլատվական փաստաթուղթ: 

Թույլատվական փաստաթղթերի էլեկտրոնային հարթակից օգտվում են իրավաբանական և ֆիզիկական անձինք։ Համակարգը նաև հեշտ կիրառելի է: Դրանից օգտվելու համար նախապես գրանցվելու և օգտանուն ստանալու անհրաժեշտություն չկա: Պարզապես, օգտվողն իր գրասենյակից կամ ցանկացած այլ վայրից և ցանկացած ժամի, նույնականացման քարտով կարող է մուտք գործել առցանց հարթակ և օգտվել անհրաժեշտ ծառայություններից: 

Համակարգն այժմ ունի 2218 օգտվող: 2021 թ․ հոկտեմբերից մինչ այժմ համակարգի միջոցով արտահանման և ներմուծման ուղղություններով արդեն իսկ 36 հազար հայտ  է ներկայացվել: 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր