211652_close_icon
views-count73708 դիտում article-date 19:52 21-06-2023

Ողբերգական դեպք Վայք քաղաքում. 14-ամյա տղան, իր պապիկի տան բակում, ավտոմեքենան լվանալիս հոսանքահարվել և տեղում մահացել է. ժամանել է մարզի ոստիկանապետը

Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:

Ժամը 16:20-ի սահմաններում «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայքի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բուժմիավորում են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Վայքի բաժնի պետ Հայկ Բաբայանը:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Վահրամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վայք քաղաքի բնակիչ 14-ամյա Վաչե Ա.-ն է, ով ժամը 16:00-ի սահմաններում Վայք քաղաքի Սիամանթոյի փողոցում, իր պապիկի տանը, ավտոմեքենա լվանալու ժամանակ անզգուշաբար հոսանքահարվել և մահացել է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր