211652_close_icon
views-count1159 դիտում article-date 11:36 23-06-2023

Զատել մարդուն բոլոր ժամանակավոր շերտերից․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մարդուն չի կարելի նույնականացնել ոչ նրա հագուստի, ոչ ունեցվածքի, ոչ նրա անցած ուղու, ոչ աշխատավայրի, ոչ ընտանեկան կացության, ոչ էլ առավել եւս՝ նրա քաղաքական հայացքների հետ: Այդ ամենը փոփոխական է, արտաքին: Կարեւորը մարդու աստվածային էությունն է, որը կա բոլորի մեջ՝ մոլագար մարդասպաններից սկսած, սրբերով վերջացրած:

Մենք մոտենում ենք մարդուն՝ մեր դուալիստական մտածողության չափանիշներով՝ մերոնքակա՞ն է, թե՞ օտար, սե՞ւ է, թե՞ սպիտակ, կիսո՞ւմ է իմ համոզմունքները, աշխարհայացքը, թե՞ չի կիսում: Այդ բոլոր արտաքին պատմուճանների տակ մարդը չի երեւում: Այստեղից էլ գալիս է մեր վերաբերմունքը կյանքի եւ մահվան հանդեպ:

Ինձ այնքան էլ դուր չեն գալիս ժողովրդական ընկալումները՝ «մեռածի հետեւից արի չխոսենք», «հողը խաբար չտա»: Այն հանգամանքը, որ մարդը մահկանացու է, պետք է մտքի մեջ պահել, երբ նա ողջ է: Իսկ մահանալու հատկությունը (մեծ գաղտնիք բացեմ) բնորոշ է մեզ բոլորիս: Հենց այդ պատճառով էլ՝ ով էլ լինի այդ մարդը, ինչով էլ զբաղվի, ինչ մեղքեր էլ գործի, վիրավորել նրա մարդկային արժանապատվությունը (աստվածային էությունը) չի կարելի՝ անկախ նրանից, նա ֆիզիկապես գոյություն ունի, թե ոչ:

ՔՊ-ականները հաճախ խոսում են սարսափելի, հրեշավոր բաներ: Մարդկայնորեն ես չեմ կարող ընդունել նրանց դատողությունները Արցախի մասին, երբ նրանք փաստորեն համաձայն են հանուն ինչ-որ անհասկանալի «վեհ նպատակների» զոհաբերել 120 հազար մարդու կյանք: Ինձ համար անընդունելի է նաեւ նրանց անփոփոխ ձգտումը՝ բոլոր թեմաները շեղել «նախկինների» վրա՝ որպես արդարացում իրենց ձախողումների: Այդ ոգով էր ելույթներ ունենում նաեւ Վիգեն Խաչատրյանը:

Բայց դարձյալ կրկնեմ՝ պետք է առանձնացնել մարդու հագուստը, զբաղմունքը, հայացքները բուն մարդուց: Եվ ցանկացած մարդու կյանքի եւ առողջության մասին պետք է խոսել ակնածանքով: Իսկ ուրախանալ, ծաղրել, չարախնդալ, մահացածի «տարոսը փոխանցել» այլ մարդկանց՝ դրանք ընդամենը անառողջ հոգեկան աշխարհի դրսեւորումներ են:

Ինձ ցավ է պատճառում ցանկացած մարդու մահը: Ավելին՝ ցանկացած մարդու թեկուզ թեթեւ առողջական խնդիրը: Գիտեմ, որ քաղաքականությունը կամ անձնական խնդիրները շատերին «տարել են»: Շատ կցանկանայի, որ «տարածները» հետ գան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր