211652_close_icon
views-count29768 դիտում article-date 18:48 23-06-2023

Ոստիկանների ու քննիչների ճիշտ ու պրոֆեսիոնալ աշխատանքը տվեց իր արդյունքը. Երևանում հնդիկին սպանած կասկածյալը, զգալով, որ չի կարող լքել Հայաստանը, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ, կատարելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական ճիշտ ու գրագետ աշխատանք, պարզել են հունիսի 19-ին, Երևանում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 24-ամյա Ա. Սուրադինի ենթադրյալ սպանություն կատարող կասկածյալի գնտվելու վայրը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները, մի քանի օր շարունակ բանակցություններ են վարել կասկածյալի փաստաբանի հետ, որից հետո այսօր, ժամեր առաջ, փաստաբանի ուղեկցությամբ, կասկածյալը ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան ոստիկանությունից ներկայացրել են Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Կասկածյալի գտնվելու վայրի աշխատանքները տևել են կարելի է ասել՝ 24 ժամ ռեժիմով ու ոստիկանները եղել են մի քանի հասցեներում և ի վերջո հասել են հսկայական արդյունքի, որ այսօր արդեն կասկածյալը իմանալով, որ այլ ելք չունի, ինչպես ժողովուրդն է ասում՝ ոստիկանությունը ու քննչականը թե օդով, թե ցամաքով Հայաստանից նրա դուրս գալու ճանապարհները փակել են և, գուցե լսելով փաստաբանի հորդորները, ներկայացել է:

Նախաքննության շահերից ելնելով կասկածյալի ինքնությունը չենք հայտնում:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 19-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գ․ Հասրաթյան փողոցի 11 հասցեում գտնվող բենզալցակայանի հետնամաս, որտեղ հայտնաբերել էին երիտասարդ տղայի դի։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը։ 

Ժամանել էին նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ժորա Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Ա․ Սուրադինն էր։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի մեջքի հատվածում կար կտրած-ծակած վերք։ 

Մինչ ոստիկաններն ու քննիչները աշխատել էին դեպքի վայրում, «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվում, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ էր տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, պարզել էին, որ վիրավորը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Մ․ Լինդոնն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել Գ․ Հասրաթյան փողոցից։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները և ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները օպերատիվ ժամանելով դեպքի վայր, Գ․ Հասրաթյան փողոցի 10/9 հասցեի հարևանությամբ՝ հենց տեղում վնասազերծել էին Հնդկաստանի Հանրապետության մի քանի քաղաքացիների, որոնց վրա առկա էին եղել արնանման հետքեր, մի քանիսի հագուստները՝ պատառոտված։ Ու եթե ոստիկաններն ու պարեկները մի փոքր հապաղեին, ապա կռվի բոլոր մասնակցիները արդեն դեպքի վայրում չէին լինի։

Դեպքի վայրում հայտնաբերվել էին արնանման հետքեր, պատառոտված վերնաշապիկ, բջջային հեռախոս, պատառաքաղ, որի վրա նույնպես առկա էր արնանման հետք, ինչպես նաև սպանվածի հողաթափերը, որոնց վրա նույնպես արյան հետքեր էին եղել։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 202+
202+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր