211652_close_icon
views-count38387 դիտում article-date 20:42 25-06-2023

Լարված իրավիճակ Երևանում. Աերացիայում գործող ասֆալտի գործարանը պատուհաս​ է դարձել 300-ից ավելի ընտանիքների գլխին. բնակիչները պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում:

Շենգավիթ վարչական շրջանի տարածքում՝ Շիրակի 45 հասցեի մոտ, 300-ից ավելի բնակիչներ իրենց զայրույթն էին հայտնում՝ ​ ասելով․ «Ուզում ենք, որ պատկան մարմինները վերջապես պատասխանեն, թե որ կառույցն է լիազորված, որ Շիրակի փողոցի վրա գործող ասֆալտի գործարան համարվող կազմակերպության տնօրինությանը պարտավորեցնեն, որ մեր՝ բնակիչներիս հաշվին գործողություններ չանեն»:

​Այսօր ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Դեռ 10 տարի առաջ էր, որ այս խնդիրը կար: Շիրակի 45 հասցեում բացել են ասֆալտի՝ կարելի է ասել գործարան, մենք դեմ չենք, թող մեկ հատ չէ, 10 հատ բացեն, բայց բնակիչների առողջության հաշվին արդյո՞ք արդար է:

10 տարի առաջ էր, բարձրաձայնեցինք, բերեցին, ֆիլտր դրեցին, փոշին վերացավ, բայց հիմա արդեն տևական ժամանակ է, որ ոչ միայն փոշին է մեզ խեղդում, այլ նաև ձայնը: Ամառվա այս տապին չենք համարձակվում դուռ ու լուսամուտ բացել, փոշին ու ձայնը՝ մի կողմից, եփվող ասֆալտի հոտն էլ՝ մյուս կողմից, ասում են՝ առողջ սերունդ մեծացրեք, 150-ից ավելի տղա երեխա է ապրում, պատրաստի ապագա զինվոր, բայց եթե էս հոտին, էս ձայնին ու փոշուն տղաները մեծանան, վաղը զինկոմիսարիատը ասելու է՝ ոչ պիտանի են, իսկ ով է դրա մեղավորը, իհարկե տաքուկ կաբինետներում իրենց թափանները լցրած պաշտոնյաները:

Միայն գոհ ենք Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանից, ով մեր տեղեկություններով, համապատասխան կառույցներին գրություններ է ուղարկել, եւ նրանք էլ մահանա են բերում ինչ-որ օրենքի կետ՝ ասելով, թե այսքան ժամանակահատվածում կպատասխանենք, հերն էլ անիծած, թե այդ ժամանակահատվածում մարդկանց նյարդերը կքայքայվեն:

Մենք էնպես չի, որ չենք ուզում, ​ որ գործարանը չաշխատի, պարզապես ուզում ենք, որ մենք էլ գիշերը հանգիստ քնենք, ժամը 22:00-ից հետո մեկ էլ կտեսնես կամազները, որոնցով ասֆալտ են տեղափոխում, ուժեղ ձայներ հանելով, այդ թվում «սիգնալ տալով», դիվադադար են անում բոլորիս:

Պատկան մարմիններին հրավիրում ենք, թող գան մեկ օր անցկացնեն էստեղ, իրենց ընդմիջման ժամանակ գան այստեղ, հաց ուտեն… փոշի են կուլ տալու»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռ. Մկրտչյանի հանձնարարականով, թաղապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները հանդիպեցին բնակիչների հետ եւ հայտնեցին, որ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը հետեւողական է հարցը լուծելու ի շահ բնակչի: Բնակիչներն էլ ասում են, որ իրենք ցանկանում են, որ հարցը լուծվի քաղաքակիրթ ձեւով, հակառակ դեպքում իրենք պատրաստ են բողոքի ակցիաներ իրականացնել, ընդհուպ՝ փակելով ճանապարհներ:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր