211652_close_icon
views-count77141 դիտում article-date 12:11 04-07-2022

Արտակարգ իրավիճակ՝ Արարատի մարզում. Ղուկասավան գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների, նրանք ասում էին. «Մի՛ անապատացրեք ու մի՛ կործանեք գյուղը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 3-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզում։ Կեսօրին Ղուկասավան գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, հավաքվել էին գյուղի վարչական տարածքում գտնվող, սովետական տարիներին «Զանգվի գետ» կոչվող հայտնի տարածքի մոտ և պահանջում էին, որպեսզի նշված հատվածում դադարեցվի, ըստ գյուղացիների, «գյուղը անապատացնելու գործընթացը»։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Արդեն ամիսներ շարունակ ինչ-որ անձինք նշված հատվածում մի իսկական սպանդ են սկսել ոչ միայն բնության, այլև գյուղի նկատմամբ. հատուկ տեխնիկաներով շաբաթվա բոլոր օրերի ընթացքում մինչև կեսգիշեր դիվադադար են արել մեզ։ Իրենց թափանները լցնելու համար ոչ միայն գետի հերն են անիծել, այլ նաև բազմաթիվ տներ հայտնվել են վտանգի եզրին։ Ասֆալտի հումքի համար տրակտորներով ու մի քանի ծանր տեխնիկաներով էնքան են գետից ավազ ու շիբին հանել, որ գետն արդեն ցամաքել է։ Փոշին էնպես է կապում, որ մինչև 1 կիլոմետր տունը պատվում է փոշով։ Կանայք լվացքը փռում են, բայց ոնց որ լվացք արած չլինեն. ամբողջը պատվում  է փոշով։ Էլ չենք ասում, որ էկոլոգիայի հերն էլ անիծել են։ 

Դիմել ենք մարզպետարան, գյուղապետարան, մի քանի համատասխան մարմինների, սակայն էկել, նայել են ու այդքանով համարել են իրենց գործն ավարտված։ Ոչ մի սրտացավ մոտեցում չկա գյուղի նկատմամբ։ Սովետական տարիներին Ղուկասավան գյուղը հայտնի էր իր աճեցված որակյալ գյուղմթերքով։ Իսկ հիմա ծերը ծերին կեղտաջրերով են ոռոգում այգիներն ու ցանքատարածությունները, էն էլ՝ ամիսը մի անգամ ջրի էրես տեսնում ենք,  թե չէ։ Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում նման դաժան վերաբերմունք ցուցաբերեն բնության, էլ չենք ասում, գյուղացու նկատմամբ։ 

Բանը հասել է նրան, որ հանքով զբաղվողները սովետական տարիներից գործող պետական ճանապարհը ապականել են, լրիվ ավերել։ Ու հիմա մի կեղտոտ ու փոշոտ ճանապարհ է մնացել, որ կարողանանք այդտեղով ելումուտ անենք։ Գերեզմանների ճանապարհի մասին էլ խոսք չկա. լրիվ սարքել են մեռելնոց։ 

Պահանջում ենք, որպեսզի կառավարության պաշտոնյաները մի անգամ գոնե բարի կամք դրսևորեն ու գան, սեփական աչքով տեսնեն, թե մարդիկ իրենց դրամապանակները հարստացնելու համար ոնց են մի ամբողջ գյուղ անապատացնում։ Մենք այս պահին չենք դիմում կտրուկ միջոցների, այն է՝ չենք փակում ճանապարհներ, բողոքի ակցիաներ չենք կատարում կառավարության դիմաց, պարզապես սա որպես նախազգուշացում է, որ հարգելի չինովնիկներ, հետևություններ արեք ու որոշ մարդկանց ագահության դեմն առեք։ Մի քանի տոննա հումք ծախելուց հետո էլ գյուղը մի թողեք՝ դատարկվի։ Էկեք ձեր աչքերով տեսեք, թե ոնց են տները դարձրել վթարային։ Դասապրոցեսի ժամանակ, եթե գաք դպրոց, կլսեք, թե ինչպես են երեխաները էդ ծանր տեխնիկայի աղմուկի տակ անցկացնում դասապրոցեսը։ Մի քիչ մարդ եղեք, շատ բան չենք ուզում. թողեք՝ էս գյուղը մնա, չդատարկվի»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում էր նաև շահագործող ընկերության ներկայացուցիչը, ով ասում էր, որ ինքը մի քանի օր է, սկսել է այդ աշխատանքները և ոչ մի վտանգավոր բան գյուղի համար չի անում, այլ ընդհակառակը. մաքրել է աղբը, սակայն գյուղացիները հակառակն էին պնդում՝ հորդորելով նրան, որ ամենաճիշտ տարբերակը գյուղից ծանր տեխնիկան հեռացնելն է։

Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, ովքեր մտածում էին, որ գյուղացիները բողոքի ակցիան կշարունակեն՝ ճանապարհ փակելով։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր