211652_close_icon
views-count910 դիտում article-date 16:05 26-06-2023

Կառավարությունը մերժել է Արսեն Թորոսյանի՝ ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափն առաջանցիկ տեմպով բարձրացնելու առաջարկը․ «Առավոտ»

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում լրացումներ իրականացնելու մասին նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը։ Այս նախագծով կառավարությունն առաջարկում է մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի ժամանակահատվածի համար կրկին սահմանել ակցիզային հարկի դրույքաչափեր։ Գրում է «Առավոտը»։

«Առաջարկն այն է, որ ծխախոտի արտադրանքի համար ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացվեն տարեկան եւս 10 տոկոս դրույքաչափով, թունդ ալկոհոլային խմիչքների համար՝ կրկին 10 տոկոս դրույքաչափով, մնացած ապրանքների համար՝ 3 տոկոսի փոխարեն՝ 8 տոկոս»,- առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ասել էր ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։ Այսօրվա նիստում Արման Պողոսյանը նշեց, որ նախագծի վերաբերյալ առաջարկություն ներկայացվել է միայն ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի կողմից։

«Երկու առաջարկություն է ներկայացվել, երկուսի էությունն էլ այն է, որ առաջարկվում է ծխախոտի արտադրանքի, այդ թվում՝ տաքացման տեխնոլոգիայով շահագործվող ծխախոտի արտադրանքի պարագայում ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնել ավելի առաջանցիկ տեմպերով։ Առաջարկությունը մանրամասն քննարկել է, սակայն կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ այդ ավելի առաջանցիկ տեմպով դրույքաչափի բարձրացումից՝ հաշվի առնելով այն, որ այդ կտրուկ քաղաքականությունը կարող է ուղեկցվել մի շարք բացասական հետեւանքներով։ Ըստ այդմ՝ կառավարությունն առաջարկում է առաջնորդվել իր կողմից ներկայացված ավելի հավասարակշռված մոտեցումներով»,- նշեց ֆինանսների փոխնախարարը։

Նմանատիպ նյութեր