211652_close_icon
views-count736 դիտում article-date 15:41 27-06-2023

Աննա Վարդապետյանը Եվրոպոլի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության ուղղությունները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության (Եվրոպոլ) գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, պատվիրակության կազմում են եղել նաև Եվրոպոլի գործադիր տնօրենի գրասենյակի ղեկավար Սեբաստիեն Մորասը և գործադիր տնօրենի գրասենյակի ավագ խորհրդական Իլյա Պուլովը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

Ողջունելով հյուրերին՝ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպոլի հետ ՀՀ իրավապահ մարմինների համագործակցութունը՝ այդ համատեքստում կարևորելով 2021 թվականի սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպոլի միջև կնքված աշխատանքային պայմանավորվածության համաձայնագիրը՝ ուղղված ԵՄ անդամ երկրների և ՀՀ իրավապահ մարմինների միջև տեղեկատվության փոխանակմանը։

Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության դերը միջազգային-իրավական համագործակցության ոլորտում, Դատախազության առաջնահերթություններն ու ողջունել համագործակցության ամրապնդման ուղղված համատեղ ջանքերը՝ հույս հայտնելով, որ դրանք կնսպաստեն հանցավորության դեմ արդյունավետ պայքարին հատկապես փողերի լվացման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պատերազմական հանցագործությունների բացահայտման համատեքստում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր