211652_close_icon
views-count1126 դիտում article-date 15:51 04-07-2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լիտվայի նորանշանակ դեսպան Անդրիուս Պուլոկասը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:

«Մեր երկու երկրների համագործակցությունն ընդգրկում է բավական լայն շրջանակ և վստահ եմ, որ Ձեր նշանակմամբ մենք իսկապես ավելի կակտիվացնենք և կընդլայնենք այդ շրջանակը: Ուստի մեր անելիքները շատ են: Ուրախ եմ Ձեր նշանակման կապակցությամբ ևս մեկ անգամ շնորհավորում եմ»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Դեսպան Անդրիուս Պուլոկասը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Ինձ համար հատուկ առաքելություն է մեր բարեկամությունը, մեր հարաբերությունները և գործակցությունն ավելի համապարփակ ու տեսանելի դարձնել մեր ժողովուրդների և հասարակության համար»:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Լիտվայի միջև Հայաստանի անկախացումից ի վեր հաստատված բարեկամական հարաբերություններն ու փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում: Նախագահը մասնավորապես կարևորել է երկու երկրների արդյունավետ համագործակցությունը Եվրամիության և Արևելյան գործընկերության շրջանակներում:

Նորանշանակ դեսպանն իր խոսքում անդրադառնալով հայ-լիտվական սերտ համագործակցությանը, նշել է, որ տարեսկզբին նախագահ Վահագն Խաչատուրյանի այցը Լիտվա նկատելիորեն խթանել է երկու երկրների առևտրատնտեսական, գործարար և այլ շրջանակների փոխգործակցությունը:

Զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը դեսպանին մանրամասներ է հայտնել Հայաստանի ներքին կյանքում իրականացված և ընթացիկ բարեփոխումների, տնտեսության ոլորտում շարունակական փոփոխությունների և ճկուն զարգացումների վերաբերյալ: Նախագահն ընդգծել է, որ ներկայիս կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներին ինչը ևս մեկ հնարավորություն է նշված բնագավառներում արդյունավետ փոխգործակցության և լիտվական լավագույն փորձի կիրառման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև՝ առևտրատնտեսական, կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում համագործակցության առկա ներուժի իրականացման վերաբերյալ հարցերն ու հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելություններն ու դրանց արդյունքում բազմաշերտ համագործակցության խթանումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր