211652_close_icon
views-count14700 դիտում article-date 19:38 05-07-2023

Ծնունդդ շնորհավոր, լեգենդ դարձած հերոս Բաբկեն Գրիգորյան․ նրա հիշատակին ֆուտբոլային մրցախաղ անցկացվեց Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի և «Գազպրոմ Արմենիայի» թիմի միջև․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այն, որ Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը և «Գազպրոմ Արմենիայի» ֆուտբոլի թիմը միշտ կանգնած են եղել զինվորի կողքին, դա գաղտնիք չէ։

Հուլիսի 2-ին «Գարաժ Մաստերս մոլում» տեղի ունեցավ ֆուտբոլային ընկերական խաղ, որը նվիրված էր Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, լեգենդ դարձած հերոս Բաբկեն Գրիգորյանի հիշատակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը հերոսը կդառար 32 տարեկան։ Ֆուտբոլային խաղին ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, ինչպես նաև հերոսածին մայրեր։
Գրիգորյանը եղել  է «Փյունիկ» և «Ալաշկերտ» թիմերի դարպասապահ։ Ֆուտբոլային միջոցառումը վարում էր ճանաչված և սիրված մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը։

Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին հերոս մարզիկի հիշատակը, ապա խոսքով հանդես եկավ Բաբկենի հայրը, որն էլ կատարեց առաջին խորհրդանշական հարվածը։

Առաջին խաղակեսն ավարտվեց 2։2, իսկ հանդիպումը՝ 5։5 հաշվով։ Խաղի ավարտին «Գազպրոմ Արմենիա» թիմի ավագ Հովհաննես Մամբրեյանը հերոսի հորը հանձնեց դարպասապահի ձեռնոցներ, իսկ լրագրողների թիմի ավագ Դավիթ Ալավերդյանը՝ ազգային դրոշով գավաթ։

Խաղի բոլոր մասնակիցները հերոսի հարազատների և ընկերների կողմից ստացան հուշամեդալներ, իսկ վերջում իրենց շնորհակալանքի և երախտիքի խոսքն ուղղեցին «Գարաժ Մաստերս մոլի» ղեկաարությանը՝ հուշախաղի կազմակերպմանն աջակցելու համար

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիսի 2-ին մեծարման և հիշատակի օր էր Երևանում:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցի 1-ին փակուղի 3-րդ շենքի բակում էին հավաքվել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Բաբկեն Գրիգորյանի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած, նահատակված հերոսների ծնողներ, այդ թվում՝ հերոս հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի ծնողները, հյուրեր մայրաքաղաքից ու Հանրապետության մարզերից, ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Ներկա էին նաև Բաբկենի մարզական և աշխատանքային ընկերները:
 
Խաչքարի վրայից ժապավենը իջեցրեցին հերոսի ընտանիքի անդամները, որից հետո այն օծվեց հոգևոր հովվի կողմից: Ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր պատերազմներում նահատակված հերոսների հիշատակը:
 
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Բաբկենի մտերիմներն ասում էին. «Այսօր մեր թաղի պարծանքը, մեր թաղի հերոսը կդառնար 31 տարեկան: Բայց կարծես երեկ էր, որ նա ինքնակամ մեկնեց Արցախ:
 
Դեռ մանկուց նա թաղում ընդունված էր բոլորի կողմից: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: Նրան համարում էինք մեր թաղի խաղաղության աղավնի: Եթե մի փոքր կոնֆլիկտային իրավիճակ էր ստեղծվում ոչ միայն թաղում, այլ նաև՝ Զեյթունում, ապա Բաբկենը պարտադիր շտապում էր այնտեղ ու կրքերը հանդարտվում էին, մարդիկ՝ ժողովրդի լեզվով ասած, եղբայրանում էին:
 
Դեռ փոքրուց նրա սիրած գրողներից էր մեծն Սևակը: Ամեն անգամ, եթե զրույցի էինք բռնվում, մեջբերում էր անում մեծ գրողի «Ապրել» բանաստեղծությունից.
 
 «Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա
քո ավելորդ ծանրությունը»:
 
Ու նա պատգամում էր մեզ, որպեսզի հենց այդ ոգով էլ ապրենք: Ուներ իր հերոսները, որոնց թվում էին լեգենդար Մոնթեն, Անդրանիկը, Չաուշը, Դրոն, Նժդեհը:
 
Դեռ մանկուց զբաղվում էր պրոֆեսիոնալ ֆուտբոլով: Որպես դարպասապահ խաղացել է «Փյունիկում», «Գանձասարում», «Ալաշկերտում»: Սովորել ու ավարտել է ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, մեր թաղամասի պարծանքներից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոցում:
 
Հիմա այս խաչքար-հուշակոթողի վայրը մեզ համար դառնալու է սրբատեղի: Ամեն անգամ, այստեղով անցնելիս և ցայտաղբյուրից ջուր խմելիս, ի լուր աշխարհի ասելու ենք. մեր թաղի հերոս, մեր թաղի մեծություն, լեգենդ դարձած Բաբկեն, մենք ապրելու ենք այն գաղափարներով, որը քո երիտասարդ տարիքի համեմատ, դու էիր պատգամում մեզ: Ու հիմա այն հողը, որում ամփոփված ես դու, երբեք չի զգա քո ծանրությունը: Որովհետև հանուն Արցախի ու Հայաստանի պաշտպանության, դու մեր բոլոր նահատակված ու լեգենդ դարձած հերոսների նման տվեցիր ամենաթանկը՝ Աստծո կողմից պարգևած կյանքը»:
 
Վերջում ներկաները այցելեցին հերոսի շիրիմին, որտեղ ծաղիկներ խոնարհեցին ու կատարեցին խնկարկում, և հենց այնտեղ էլ նորից շեշտեցին. «քեզ բացակա չե´նք դնի»:

Բաբկեն Էդվարդի Գրիգորյան
 
Բաբկեն Էդվարդի Գրիգորյանը ծնվել է 1991թվականի հուլիսի 02-ին քաղաքամայր Երևանում:
 
1998-2008թթ.-Սովորել է Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոցում:
 
2000-2013թթ.-Զբաղվե է պրոֆեսիոնալֆուտբոլով:
 
Խաղացել Փյունիկ, Գանձասար և Ալաշկերտ ֆուտբոլային ակումբներում՝ որպես դարպասապահ:
 
2008-2014թթ Սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսներ ֆակուլտետի Ապահովագրական գործ բաժնում, ստացել բակալավրի աստիճան։
 
2015-2017թթ. – Շարունակելով կրթությունը նույն բաժնում՝ ստացել է մագիստրոսի կոչում:
 
03.12.09-03.12.11թթ.  Ծառայել ՀՀ զինված ուժերում` ք. Կապան, հակաօդային պաշտպանություն։

2014-մինչև նահատակվելը – աշխատել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ում:
 
Հոկտեմբերի 21-ից կամավոր մեկնել է Արցախ, եղել է ջոկի հրամանատար:
 
Նոյեմբերի 4-ին Լաչինում մղվող համառ մարտերում հաջողվել է պահել դիրքը, սակայն հերոսն անմահացել է՝ փրկելով զինակիցների կյանքը:
 
2020 թվականի դեկտեմբերի 12-ին Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության կողմից պարգևատրվել է պատվոգրով:
 
ՀՀ Նախագաի 2021 թվականի հունիսի 25-ի ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին ՆՀ-143-Ա հրամանագրից Բաբկեն Էդվարդի Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
 
Արևմտյան Հայաստանի հայերի պաշտպանության արևելյան միավորման պաշտպանության ուժերի հրամանատարի 2022 թվականի մայիսի 28-ի N 90 հրամանով Բաբկեն Էդվարդի Գրիգորյանը պարգևատրվել է Զորավար Անդրանիկ N 28 մեդալով:


Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 490+
490+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր