211652_close_icon
views-count158053 դիտում article-date 16:30 06-07-2023

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վարորդները տեղում բուժօգնություն են ստացել․ կա 5 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Իջևան քաղաքի Արցախյան փողոցի վերջնամասում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 33-ամյա Մհեր Քարամյանի վարած Mercedes C180 մակնիշի և Երևանի բնակիչ 34-ամյա Անի Հարությունյանի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 41-ամյա Արևիկ Հարությունյանը, 39-ամյա Լուսինե Հարությունյանը, 9-ամյա Տիգրան Բ.-ն և Mercedes-ի ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ Սոնա Ծատուրյանն ու Նաիրա Ծատուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Իջևան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։ 

Բժիշկները  նաև տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Արտակ Օհանյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Էդվարդ Հովհաննիսյանն ու Հայկ Ասատրյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։

Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոտիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր