211652_close_icon
views-count760 դիտում article-date 20:18 11-07-2023

2024 թ. պետական բյուջեի նախնական հայտով ԿԳՄՍՆ-ին կհատկացվի շուրջ 334 մլրդ դրամ. Ժաննա Անդրեասյանը նախագիծ է ներկայացրել

«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների բյուջետային ծրագրերն իրականացնելու համար հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվել է 333 մլրդ 989 մլն դրամ, որը 83 մլրդ 721 մլն դրամով կամ 33.5 տոկոսով ավելի է, քան ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումը: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում հուլիսի 11-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ, հայտնել է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

Աշխատանքային քննարկումը վարել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ հավելյալ 83 մլրդ դրամ գումարը կուղղվի կրթության ոլորտին: Կիրականացվեն մի շարք կարևոր ծրագրեր, այդ թվում՝ դպրոցաշինության ծրագիրը, որի համար նախատեսվել է 62.5 մլրդ դրամ, ինչն այս տարվա ցուցանիշից ավելի է 47 մլրդ դրամով: Նախարարի հավաստմամբ՝ խոսքը վերաբերում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին. գումարը կուղղվի դպրոցների շինարարությանն ու գույքով ապահովմանը: Բոլոր հաստատությունների նախագծման աշխատանքները կավարտվեն այս տարվա վերջին: 2024 թվականին «Ապահով դպրոց» ծրագրով կկատարվեն 308 հաստատությունների նախագծային աշխատանքները: Ըստ նախարարի՝ հիմնովին կվերակառուցվի «Զեյթուն» ուսանողական հանրակացարանը, որը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին ու չափանիշներին:

Պատասխանելով հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի հարցին՝ նախարարը նշել է, որ այս տարի շահագործման կհանձնվի շուրջ 60 դպրոց, և ամեն ինչ կարվի, որ կյանքի կոչվեն նախատեսված բոլոր ծրագրերը:

«Մենք աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ աշխատանքները կատարենք մինչև Կառավարության ծրագրի ավարտը»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը:

Ըստ նրա՝ 30 մլրդ դրամով աճել է հանրակրթության ծրագրի ծավալը: Նշվել է նաև, որ Արմավիրի մարզի բոլոր դպրոցներն արտաքին աղբյուրների աջակցությամբ կստանան բնագիտական լաբորատորիաներ: Դպրոցական նոր դասագրքերի վերաբերյալ մրցույթն ամփոփման փուլում է: Արդեն հստակեցվել և նախատեսվել են ակադեմիական քաղաքի կառուցման առաջին փուլի ֆինանսական միջոցները: Պետական աջակցությամբ յուրաքանչյուր տարի կհամալրվեն թանգարանների հավաքածուները:

«Տարիներ շարունակ գումար չի հատկացվել, որպեսզի ձեռք բերվեն արվեստի նոր գործեր, մշակութային արժեքներ, այս հարցում բացակայել է պետական քաղաքականությունը: Այս հարցում ցուցաբերվելու է համակարգված մոտեցում»,- նշել է նախարարն ու հավելել, որ առաջիկայում կսկսի գործել մշակութային հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելը:

Պատգամավոր Հակոբ Ասլանյանը հետաքրքրվել է արհեստագործական ուսումնարանների ճակատագրով: Նախարարը փաստել է, որ ներկա դրությամբ գործում է 21 արհեստագործական ուսումնարան, բայց կան նաև քոլեջներ, որոնք կատարում են նույն գործառույթները: Իսկ ընդհանուր առմամբ՝ գործում է շուրջ 100 միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություն:

4.5 մլրդ դրամով աճել է «Կրթության որակի ապահովում» ծրագիրը: Ըստ նախարարի՝ այս պահի դրությամբ ուսուցիչների կամավոր ատեստավորման համար 5 հազար 200 հարյուր դիմում է ներկայացվել, սակայն դիմողների շուրջ 20 տոկոսը չի մասնակցում ատեստավորմանը:

Կապիտալ ծախսեր են նախատեսվել նաև մշակույթի ոլորտում. եկող տարի կիրականացվեն 11 հուշարձանի վերականգնման, 9-ի վերականգման, նախագծման, երկու թանգարանի հիմնանորոգման ու նախագծման աշխատանքներ, 17 թանգարան կապահովվի գույքով: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ երեք թատերահամերգային կազմակերպության նորոգման ու վերակառուցման աշխատանքներ ևս նախատեսվել են. թատերահամերգային 8 կազմակերպություն կապահովվի գույքով, որոնցից երեքը՝ երաժշտական գործիքներով: «20 գրադարանի գույքով համալրման աշխատանքներ են պլանավորվել»,- նշել է ԿԳՄՍ նախարարը և հավելել, որ սպորտի ոլորտում կշարունակվեն երկու մարզական դպրոցի, մեկ համալիրի կառուցման աշխատանքները, 70 մարզական հաստատություն կապահովվի գույքով:

Աշխատանքային քննարկման ընթացքում պատգամավորները նախարարին ԿԳՄՍ ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցեր են ուղղել:

Նմանատիպ նյութեր