211652_close_icon
views-count1342 դիտում article-date 22:45 27-07-2023

Այս հուլիսը կլինի պատմության մեջ ամենաշոգ ամիսը․ ՄԱԿ

Այս հուլիսը, ըստ երևույթին, կլինի պատմության մեջ ամենաշոգ ամիսը։ Այս ամսվա առաջին 3 շաբաթների ընթացքում գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն զգալիորեն գերազանցել է նախորդ տարիների միջին ցուցանիշը շատ տարածաշրջաններում ջերմային ալիքների պատճառով, հինգշաբթի՝ հուլիսի 27-ին, հաղորդել են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO) և Երկրի հեռակառավարման եվրոպական ծրագիրը՝ Copernicus-ը:

Ըստ Copernicus-ի տնօրեն Կառլո Բուոնտեմպոյի՝ այս հուլիս ամսվա ջերմաստիճանը ապշեցուցիչ տարբերվում է 1940-ականներից ի վեր գրանցված եղանակային տվյալներից։ Գտածոները հուշում են, որ ներկայիս ջերմաստիճանները «աննախադեպ են մեր պատմության վերջին հազարամյակում և, հավանաբար, աննախադեպ են նույնիսկ վերջին 100 հազար տարվա ընթացքում», - ասաց նա:

Վերջին շաբաթներին շոգեր են նկատվում հատկապես Միջերկրական ծովի տարածաշրջանում, ԱՄՆ-ի հարավում և Չինաստանի որոշ հատվածներում։ Հունաստանում և Ալժիրում 40 աստիճան շոգը անտառային ուժեղ հրդեհների պատճառ է դարձել։ Փորձագետները համոզված են, որ նման շոգը հնարավոր չէր լինի առանց մարդու կողմից առաջացած կլիմայի փոփոխության:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ «գլոբալ տաքացման դարաշրջանն ավարտվել է, եկել է գլոբալ եռման դարաշրջանը»։ Նա համաշխարհային հանրությանը կոչ է արել արագ և արմատական ​​միջոցներ ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ պայքարում՝ աղետից խուսափելու համար։

Նմանատիպ նյութեր