211652_close_icon
views-count80124 դիտում article-date 21:43 29-07-2023

Լարված իրավիճակ Կոտայքի մարզում. բալահովիտցիները փակել են ճանապարհը. ժամանել է Աբովյանի ոստիկանապետը. երթևեկությունը կաթվածահար է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 29-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզում: Աբովյան խոշորացված համայնքի Բալահովիտ բնակավայրի բնակիչները, ի նշան բողոքի, փակել էին Երևան-Աբովյան ավտոճանապարհի՝ Բալահովիտ գյուղի վարչական տարածքով անցնող ճանապարհը և արդարացիորեն պահանջում էին, որպեսզի «Վեոլիա ջուր» ընկերությունը վերջապես պատասխանի, թե ի՞նչն է պատճառը, որ ամիսներ շարունակ իրենք ջրի խնդիր ունեն: 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին. «Եթե մեկ օր ջրի վարձը ուշացնենք, «Վեոլիա ջուր»-ը մեզ կուտի: Չի ուտի է, կհոշոտի: Էս քանի տարի է՝ ասես մեզ քարե դարում զգանք: Ո՞վ է տեսել 21-րդ դարում ջրի համար վճարես ու ջուր չունենաս: Ամառվա այս տապին մի ամբողջ թաղամասի պետական շենքերի ու սեփական տների բնակիչներս չենք ստանում այդ հարցի պատասխանը, թե ի վերջո «Վեոլիա ջուր»-ը կցուցաբերի՞ մարդկային վերաբերմունք բնակիչներիս նկատմամբ ու այս խնդիրը կլուծի: Մեր պահանջները ու պայքարը ո՛չ քաղաքական է, ո՛չ էլ սաբոտաժ: Պարզապես հիմա, ոչ թե խնդրում, այլ պահանջում ենք, որ էս հարցը լուծեն և դրա թիվ 1 լուծողը «Վեոլիա ջուր»-ն է: Բավական է, մեր համբերության բաժակն արդեն լցվել է, դրա համար էլ ստիպված դիմում ենք այս ծայրահեղ քայլին՝ փակելով ճանապարհը»: 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանն ու Կոտայքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Սարգսյանը, ովքեր բնակիչների հետ բանակցություններ էին վարում, որպեսզի բացեն ճանապարհը, սակայն բնակիչներն ասում էին. «Էլի բացենք, էս անգամ ձեր խաթեր, բայց մեր հարցը ո՞վ է լուծելու»: 

Խնդրի մասին տեղեկանալով՝ Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հանձնարարականով ժամանել էին քաղաքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները, սակայն նրանք ոչինչ չէին կարող անել, քանի որ չունեին դրա լծակները և, ինչպես ժողովորդն է ասում, «գնդակը «Վեոլիա ջուր»-ի դաշտում է, իսկ «Վեոլիա ջուր»-ի պաշտոնյաններն էլ ասես Անդորրայի ֆուտբոլիստները լինեն․ ո՛չ պաշտպանվել գիտեն, ո՛չ գոլ խփել: 

Տեղում էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ոստիկանության Կոտայքի բաժնի պետն ու ծառայության գծով տեղակալը հեռախոսով կապնվեցին «Վեոլիա ջուր»-ի  պատասխանատուներից ինչ-որ մեկի հետ, ով խոստացավ, որ կարճ ժամանակում ջրի հարցը կլուծի և պատճառը՝ իբրև թե, ջրապոմպի թույլ լինելն է եղել և բնակիչներին խնդրեց իրենց տալ մի քանի ժամ ժամանակ՝ խնդիրը արագ կարգավորելու համար:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ իրենք չեն հավատում «Վեոլիա ջուր»-ին, սակայն հավատում են Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Է. Բաբայանին, Ոստիկանության Աբովյանի բաժնի պետ Է. Այվազյանին, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Սարգսյանին ու ժամանակավորապես դադարեցնում են իրենց բողոքի ակցիան, իսկ եթե «Վեոլիա ջուր»-ը այս անգամ էլ խաբեց, փողոց են դուրս գալու ավելի շատ մարդիկ՝ մեր ու մանուկ, ահել-ջահել:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր