211652_close_icon
views-count23405 դիտում article-date 11:09 01-08-2023

Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են իրանական МАN բեռնատարն ու ՎԱԶ-2121-ը․ «Նիվան» բախվել է գազատար խողովակների հենասյուներին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 67-ամյա Յայա Ալլիի վարած MAN մակնիշի կցորդիչով բեռնատարը և Արարատի մարզի բնակիչ, 67-ամյա Աշոտ Զաքարյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Նիվան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված հայտնվել դաշտում։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի հետևանքով «Նիվայի» վարորդ Ա․ Զաքարյանը և նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 46-ամյա Գրիգոր Սարգսյանը, 39-ամյա Գոռ Հովհաննեսյանն ու 22-ամյա Արսեն Յարալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու Ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը։

Ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի տեղի տեղակալ Մուրադյանի և ավագ քննիչ Բադալյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև «Գապրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, քանի որ «Նիվայի» կողաշրջման հետևանքով վնասվել են նաև դաշտով անցնող գազատար խողովակների հենասյուները։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր