211652_close_icon
views-count19314 դիտում article-date 16:19 01-08-2023

Պայթյուն Լոռու մարզում գործող գազալցակայաններից մեկում․ Սպիտակի բժիշկների շնորհիվ վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում, հրշեջներն էլ կանխել են կրակի տարածումը․ ժամանել է Լոռու մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահաանգ է ստացվել, որ Մեծ Պառնի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ով 25-30 տարեկան տղամարդ է, այրվածնքեր է ստացել ձեռքերի հատվածում, ապա նրան տեղափոխել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Բժիշկների օպերատիվ գործողությունների արդյունքում վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Մաղաքյանը։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի պոմպակայանում՝ հրդեհի բռնկումով։ Մինչ հրշեջների ժամանումը, հրդեհի դեմ պայքարել են գազալցակայանի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները նախ կատարել են հրդեհաշիջում, ապա մարել հրդեհը։

Հրշեջների և գազալցակայանի աշխատակիցների շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը դեպի սարքավորումներ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխաանատու քննիչի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի և գազալցակայանի սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր