211652_close_icon
views-count111875 դիտում article-date 17:37 09-08-2023

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են Mitsubishi-ն ու Opel Corsa-ն․ վերջինը կողաշրջվել է․ կա 1 զոհ, 5 վիրավոր․ժամանել է Լոռու մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 16:10-ի սահմաններում Ստեփանավան քաղաքից դեպի Լոռի բերդ տանող հատվածում բախվել են Mitsubishi  ու Opel Corsa մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա։

Օպերատիվ են գործել նաև Ստեփանավանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Սուրեն Բագրատունյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և վաշտի հրամանատար Վիկտոր Սարգսյանի գլխավորությամբ։

Քանի որ վթարի հետևանքով մեքենաները, այդ թվում կողաշրջված, հայտնվել են ճանապարհի մեջտեղում, տեղում տարածքը սահմանազատել ու ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արթուր Աջամյանը, պարեկ Քրիստինե Աջամյանը, պարեկներ Շավարշ Գալոյանն ու Գագիկ Մատինյանը,  որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենենարը չկայանեն, խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։

Վթարի մասին Ոստիկանության Ստեփանավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր