211652_close_icon
views-count23222 դիտում article-date 14:28 12-08-2023

Ավտովթար Կոտայքի մարզում. Skoda-ն բախվել է երկաթե արգելապատնեշին, ապա գովազդային վահանակի երկաթե սյանը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում 33-ամյա Ա․Ա․-ն իր վարած շկոդա մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին, ապա գովազդային վահանակի երկաթե սյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ վարորդին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր