211652_close_icon
views-count28849 դիտում article-date 20:55 13-08-2023

Քեզ բացակա չենք դնի․ «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Վահագն Թումասյանի հիշատակին նվիրված ավանդական թաոլու և սանդա ոճի առաջնություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 13-ին Երևանում՝ «Դինամո» մարզահամալիրում էին հավաքվել Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ, հերոսածին մայրեր, Արցախյան բոլոր պատերազմների մասնակիցներ, հյուրեր Երևանից ու մարզերից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի կողմից կազմակերպված ավանդական թաոլու և սանդա ոճի Հայաստանի կրտսեր տարիքայինների առաջնությունն էր։

Մրցաշարը նվիրված էր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, ՀԱՈՒՖ-ի բարեկամ Վահագն Թումասյանի հիշատակին։

Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Վ․ Թումասյանի և Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հերոսների հիշատակը, ապա սկսվեց մրցաշարը։

Մրցաշարի ողջ ընթացքում ֆեդերացիայի անդամները, մարզիչներն ու մրցավարները կրում էին հերոսի՝ Վ․ Թումասյանի պատկերով շապիկներ։

Վերջում հաղթողները ստացան մրցակներ՝ այդ թվում մեդալներ, պատվոգրեր, որոնք հաղթողներին հանձնեցին հերոսի հարազատները, բարեկամները։

Վահագն Թումասյանը ծնվել է 1981 թվականի օգոստոսի 5-ին Աբովյանում։

Վահագնը երիտասարդ տարիքից զբաղվել է սպորտով, եղել է ձյուդոյի Հայաստանի առաջնության երիտասարդների հաղթող։ Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է ԵՊՀ֊ի պատմության ֆակուլտետում, այնուհետև՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Հայաստանի հարակից երկրների պատմության» ամբիոնի մագիստրատուրայում։

2007 թվականին ծառայության է անցել ՀՀ Զինված Ուժերում։ Գերազանցության դիպլոմով ավարտել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ակադեմիայի դասընթացները, ոսկե մեդալով՝ Չինաստանի հատուկ անվտանգության ապահովման դասընթացները։ Մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «Ադրբեջանագիտություն» հատուկ դասընթացներին, տիրապետել է ադրբեջաներենին և թուրքերենին։

Եղել է հատուկ նշանակության դիպուկահար, որից հետո՝ հեախույզ։ Հատուկ առաջադրանքի կատարման համար արժանացել է «Գևորգ Վարդանյան» մեդալի։

Ռազմական գործողությունների ընթացքում փրկել է 82 զինվորականի կյանք։

Վահագն Թումասյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, Հադրութի շրջանում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, Ադրբեջանի Հանրապետության հրթիռակոծության հետևանքով։

Վահագն Թումասյանը հուղարկավորվել է Եռաբլուրում, հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Ունի մեկ դուստր՝ Մարիամը։

2021 թվականի հունվարի 28֊ին Երևանի պետական համալսարանի լսարաններից մեկն անվանվել է Վահագն Թումասյանի անունով։

Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 6-ի N 187-Ա որոշմամբ Աբովյանի մարզահամալիրը անվանակոչվել է Վահագն Թումասյանի անվամբ։


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 425+
425+

Նմանատիպ նյութեր