211652_close_icon
views-count32558 դիտում article-date 12:24 16-08-2023

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 100-ից ավել տների բնակիչներ սպառնում են դիմել ծայրահեղ քայլերի, իսկ «Վեոլիա ջրում» ջայլամի կեցվածք են ընդունել․ օրերով ծորակները մնացել են առանց ջուր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն տևական ժամանակ է՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Արա Սարգսյան փողոցի 100-ից ավելի սեփական տների բնակիչներ չեն կարողանում հստակ պատասխան ստանալ «Վեոլիա ջուր»  ընկերությունից, թե ի վերջո երբ է այդ ընկերությունը խոսքից անցնելու գործի։

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն ասում էին․  «5 օր է մեր բջջային հեռախոսներով միայն հավաքում ենք «Վեոլիա ջրի», Երևանի քաղաքապետարանի թեժ գծի համարները։ 5 օր է մեր բերանից միայն հնչում է՝ երբ ենք կանոնավոր ջուր ունենալու։ Ասում են՝ պահպանեք սանիտարահիգիենիկ պայմանները, բայց առանց ջրի անգամ մեկ օր չես կարող հոգալ այդ խնդիրը։ Երկար տարիներ է՝ Արա Սարգսյան 30,31,32,33,34 ու այդպես կարելի է շարունակել, փողոցների սեփական տների բնակիչներս ասես հայտնված լինենք հայտնի հեքիաթում, երբ 7-գլխանի հրեշը նստել է ջրի պռնկին ու ջուր չի տալիս։ Ախր մեր թաղում էլ էդքան աղջիկ չկա, որ օրը մեկին հեքիաթի նման տանք հրեշին, որ մեզ ջուր տա։ Դարձել ենք ավտոմեքենաներով ջուր կրող, գնում ենք ուրիշ թաղամասերից տակառներով ջուր ենք բերում, որ կարողանանք գոնե նորածիններին, անչափահաս երեխաների լողացնենք։ Վճարումները կանոնավոր կատարել ենք, տուն չկա, որ պարտք լինի «Վեոլիա ջրին», բայց այդ ընկերությունում արդեն չեն հասկանում մարդկային լեզուն։ Էնքան են վստահ իրենց անպատժելիության մեջ, որ մեր զանգերին արդեն չեն պատասխանում։ Բնակիչների մեծ մասի հեռախոսներն արդեն մտցրել են իրենց մոտ սև ցուցակ։ Առաջ եթե զանգահարում էինք ու պատասխան էինք ստանում, հիմա գցել են «Чёрный список»։

Հիմա ի՞նչ անենք, հետաքրքիր է՝ «Վեոլիա ջրի», Երևանի քաղաքապետարանի, ինչու ոչ նաև Աջափնյակի թաղապետարանի աշխատակիցները այս պայմաններում ի՞նչ միջոցներ կձեռնարկեին։ Ուզում ենք, որպեսզի հարցը քաղաքակիրթ ձևո,վ լուծվի իսկ դրա միակ լուծումն այն է, որ «Վեոլիա ջուրն» իր վրա վերցված պարտավորությունը գոնե 50 տոկոսով կատարի։ Տներ կան, որ արդեն լվացքն այնքան շատ է կուտակվել, որ չգիտենք ինչ անել։ Հիդրոմետ կենտրոնը հորդորում է, որպեսզի ամառվա այս տապին քաղաքացիները շատ ջուր խմեն, մոտակա խանութներում էլ ջուր չի մնացել։

«Վեոլիա ջուր», գոնե հիմա մա՛րդ եղեք ու էս ամբողջ փողոցների բնակիչներին գոնե օրը 6 ժամ ջրով ապահովեք, իսկ դա առաջին հերթին ձեր պարտավորությունն է, որը դուք կատարում եք թերի։

Ասում եք՝ միջազգային չափանիշներին համապատասխան ենք աշխատում, քաղաքակիրթ երկրում եթե սպառողին այս օրը գցեին, ապա այդ պաշտոնյաները ոչ միայն հրաժեշտ կտային իրենց պաշտոններին, այլ նաև սպառողներին խոշոր չափի գումարի տեսքով փոխհատուցում կտային։ Իսկ մեզ մոտ որոշ  ընկերություններ, այդ թվում «Վեոլիա ջուրը,» կարծես ջայլամի կեցվածք ընդունած լինեն։ Մենք կարող ենք դիմել անգամ կտրուկ միջոցների, փակենք ճանապարհներ, բայց ասում ենք դեռ չդիմենք ծայրահեղ այդ միջոցին, գուցե 1-2 օրվա ընթացքում խնդիրը լուծեն»։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բնակիչներն առաջարկում են հարցին ճիշտ լուծում, այն է՝ նշված հատվածում առանձին ջրագիծ ու կոյուղի անցկացնել, ինչը հնարավորություն կտա կանոնավոր ունենան ջրամատակարարում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր