211652_close_icon
views-count84342 դիտում article-date 13:31 26-07-2023

Լարված իրավիճակ Երևանում․ Սարի Թաղում մոտ 500 սեփական տներ հայտնվել են 90-ականների գրկում, օրերով լույս չեն ունենում, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» պատասխանատուները «ջայլամի կեցվածք են ընդունել»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 26-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Այս պահին Սարի Թաղում ժողովրդին հայտնի՝ «Սարի Թաղի կալցեվոյի» մոտ են հավաքվել մեծ թվով սարիթաղցիներ, ովքեր արդարացիորեն պահանջում են, որպեսզի պատկան մարմինները վերջապես պատասխան տան, թե ինչն է պատճառը, որ 5 տարուց ավելի է՝ իրանք հայտնվել են Հայաստանի 90-ականնների գրկում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Մոտ 5 տարի է՝ չգիտենք, թե էս մեր հոսանքների խնդիրը որ պատկան մարմինն է լուծելու։ Արդեն դարձել ենք անպոչ հեռախոսի մասնակից։ Զանգում ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր», քաղաքապետարանի թեժ գիծ, թաղապետարան, բոլորն արդեն մեր համարները ֆիքսել են։

Շատ դեպքերում հենց տեսնում են մեր հեռախոսահամարները, չեն էլ պատասխանում։ 5 տարի է Սարի թաղում 450-500 սեփական տների բնակիչներս չգիտենք, թե քանի անգամ ենք ահազանգել։ Էն որ ասում ա՝ երկնքի աստղերին հաշիվ կա, մեր զանգերին հաշիվ չկա։ Մենակ էսօր 1 ժամ հազիվ հոսանք տվեցին։ Այս պահին էլ մի քանի փողոցների տներ հոսանքազրկված են։ 

Տարիներ առաջ մեր ուժերով պաստանցիա տեղադրեցինք, ինչը գոնե մասամբ բավարարում էր։ Բայց տարիների ընթացքում տարածքում շենք, շինություններն ավելացան, այդ թվում՝ արտադրամասեր, ռեստորանային համալիրներ, ավտոլվացման կետեր, քարի մշակման արտադրամասեր։ Ու էդ ամենին էլեկտրաէներգիան մատակարարվում է մեր տեղադրված տրանսֆորմատորից, ինչը շատ թույլ է։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետք է մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերի իր սպառողների նկատմամբ։ Տվյալ դեպքում՝ մոտ 500 տան բնակիչներս իր սպառողներն ենք։ Ու բոլորս կանոնավոր վճարումները կատարում ենք, անգամ այն դեպքում, երբ օրերով հոսանք չենք ունենում։ Ասում են՝ մենք աշխատում ենք եվրոպական չափանիշներին համապատասխան։ Եվրոպայում եթե սպառողի հոսանքը 1 ժամ կտրեին, էդ պատասխանատուների շալվարները հագներից կհանեին ու կպարտավորեցնեին, որպեսզի փոխհատուցեին սպառողին պատճառած վնասը։ Բայց մեզ մոտ այլ է իրականությունը։ 

Առաջ եթե խնդրում էինք, որպեսզի հարցը լուծեին, հիմա պահանջում ենք․ Եթե հարցը կարճ ժամանակում չլուծվի, ստիպված դիմելու ենք ծայրահեղ միջոցների՝ ճանապարհներ փակելով։ Ասում են՝ ամառվա այս տապին պահպանեք սանիտարահիգիենիկ կանոնները։ Որ հոսանք չունենք՝ ջրի նասոսները միացնենք, ու ջուր չկա, ի՞նչ անենք։

Այսօր էլ կարող ենք դիմել կտրուկ միջոցների։ Բայց այս պահին զերծ ենք մնում ճանապարհ փակելուց, հույս ունենալով, որ գոնե հիմա խնդիրը կլուծվի։ Իսկ խնդրի լուծման միակ ճիշտ տարբերակը նոր, ավելի հզոր տրանսֆորատոր տեղադրելն է»։ 

Այս պահին բնակիչները սպասում են, որպեսզի ժամանեն Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։

Այս պահին էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանի հանձնարարականով՝ բնակիչների հետ հանդիպման ժամանեցին Վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Պետրոս Սարգսյանն ու կոմունալ բաժի պետ Լևոն Հովհաննիսյանը, ովքեր խոստացան, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատասխանատուների հետ աշխատանքներ կկատարեն, որպեսզի կարճ ժամանակում խնդիրը լուծվի։

Էլեկտրացանցի պատասխանատուներից մեկի հետ հեռախոսով զրուցելուց հետո կումունալի պետը բակիչներին հայտնեց, որ խոստացել են 1 շաբաթում խնդիրը կարգավորել։

Բնակիչները թերահավատ են, քանի որ 5 տարի է՝ խոստանում են հարցը կլուծեն, ու հիմա դադարեցնում են իրենց բողոքի ակցիան։ 


Լուսանկորները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր