211652_close_icon
views-count33098 դիտում article-date 18:55 17-08-2023

Ժողինստիտուտի մասնաշենքերից մեկում հայտնաբերվել է «Սուր և Նիզակ» ընկերության պահնորդի դին․ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում օգոստոսի 14-ին սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 08:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակի փողոց 7 հասցեում գործող Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 6-րդ մասնաշենքում դի կա։

Դեպքի վայր է մեկնել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ Ա Հ․-ն է, ում տարիքը ճշտվում է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Սուր և Նիզակ» ընկերության պահնորդ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր