211652_close_icon
views-count751 դիտում article-date 19:24 22-08-2023

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը անդրադարձել են կրթության ոլորտում համագործակցության հարցերին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ վերահաստատելով հայ-ֆրանսիական համագործակցային կապերը խորացնելու պատրաստակամությունը. «Հայ-ֆրանսիական հարաբերություններն ունեն պատմական հենք եւ կայուն կարգավիճակ: Մենք ֆրանսիացի գործընկերների հետ տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցում ենք եւ պատրաստ ենք խորացնել այն, ինչպես նաեւ քննարկել նոր ծրագրերի իրագործման գաղափարներ»:

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար եւ հույս հայտնել, որ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում կշարունակվի հաջող համագործակցությունը ֆրանսիական կողմի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ կրթության ոլորտում համագործակցության հարցերին, մասնավորապես՝ շեշտվել է ֆրանսերենի դասավանդման ծրագրերի բարելավման, ՄԿՈւ ոլորտում համագործակցությունը խորացնելու կարեւորությունը: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջում ֆրանսիական մոդելի տեղայնացմամբ ուսուցման կազմակերպման հարցերին:

Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շրջափակմամբ պայմանավորված հումանիտար աղետին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաեւ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի խնդիրը:

Նմանատիպ նյութեր