211652_close_icon
views-count826 դիտում article-date 19:18 23-08-2023

Թուրքիայում բռնկված խոշոր անտառային հրդեհները դեռևս մարել չի հաջողվում

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն գլխավոր անտառտնտեսության հրշեջ կենտրոնից Չանաքքալեի անտառային հրդեհների վերաբերյալ հայտարարությամբ է  հանդես եկել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Յումաքլըն մասնավորապես նշել է, որ ամբողջ  երկրի տարածքում գրանցվել է 29 անտառային հրդեհ, որից 26-ը վերահսկողության տակ է առնվել, իսկ Չանաքքալեի, Բուրսայի Յենիշեհիր և Քարաջաբեյ շրջաններում հրդեհները դեռևս շարունակվում են։ Հրդեհների պատճառով փակվել է Դարդանելի նեղուցը և դադարեցվել նավերի շարժը երկու ուղղություներով։

Նախարարը հայտնել է, որ այս պահի դրությամբ ամենաուժեղ հրդեհը Չանաքքալեում է, քանի որ հրդեհի արագ տարածմանը նպաստում է ուժեղ քամին 70կմ/ժամ արագությամբ և 19% խոնավությամբ։ Չանաքքալեի անտառային հրդեհը հասել է Չանաքքալեի կենտրոն հատկապես Կեպեզ քաղաք։ Հրշեջները 6 ժամում անցել են 15․1 կմ տարածություն։

Նաև հավելել է․ «Քանի որ շատ են շահարկումները, նշեմ, որ պետական հիվանդանոցն ու  համալսարանը զգոն են,  բայց տարհանման մասին խոսք չկա։ 9 գյուղերի համար ձեռնարկվել են միջոցներ։ Գյուղերից տարհանվել են Քայադերեն, Դամյերին, Բելենը, Ուլուփընարը, Յաղջըլարը և Քալաբաքլըն, կան նաև տարհանման պատրաստ գյուղեր։ Բարեբախտաբար, մինչ այժմ զոհեր չկան»։

Յումքալըն հայտնել է, որ այս պահի դրությամբ նյութական վնասի չափի մասին հստակ տեղեկություն չկա։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 8 ինքնաթիռ, 26 ուղղաթիռ, մոտավորապես 180 ջրցան մեքենա, շինարարական տեխնիկա և 1100 հրշեջ։ 

Նմանատիպ նյութեր