211652_close_icon
views-count54561 դիտում article-date 22:06 26-08-2023

Արտակարգ դեպք Երևանում. պարեկները օրինախախտ քաղաքացուն, ով հայհոյանքներ էր տալիս քաղաքացիների ու բժիշկների հասցեին, ցուցաբերում ագրեսիվ պահվածք, պրոֆեսիոնալ ձևով վնասազերծեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Դավիթ Մովսիսյանը և Լիլիթ Գրիգորյանը Արցախի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Վստերչի կամուրջ» չհասած, ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ մի տղամարդ կոպիտ կերպով խախտում է հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում քաղաքացիների և այնտեղ ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների նկատմամբ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները այդ քաղաքացուն հորդորում են, որպեսզի նա դադարեցնի հայհոյանքներ տալը, հակաիրավական քայլերի չդիմի, դա օգուտ չի տալիս, և այդ տղամարդը շարունակում է իր լկտի պահվածքը՝ չլսելով նույնիսկ բժիշկների, այդ թվում՝ բազմաթիվ կյանքեր փրկած բժշկի հորդորները ու շարունակում է հայհոյանքներ տալը:

Լրացուցիչ պարեկներին օգնության են հասնում նույն վաշտի պարեկ Վանիկ Լալայանն ու կրտսեր պարեկ Թոռնիկ Ղուկասյանը և պրոֆեսիոնալ կերպով «առյուծ կտրած» տղամարդուն կին պարեկը այնպիսի պրոֆեսիոնալ ձևով է վնասազերծում, ապա ձեռքերին հագցնում ձեռնաշղթա, որ անգամ կնախանձեին հայտնի աճպարարներն ու հայկական քրեական պատմություններով հայտնի ֆիլմեր ստեղծող Գոռ Վարդանյանը: 

Այդ քաղաքացին Պարեկային ծառայության ավտոմեքենայով տեղափոխվում է ոստիկանության Էրեբունու բաժին: 

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին. «Մարդ ինչ աստիճանի խմած լինի, որ իրեն օգնության ձեռք մեկնող քաղաքացիներին ու բժիշկներին հայհոյանքներ տա: Մտածում ենք մի երկու քֆուր կանի, կանցնի, կգնա, բայց ոնց որ թե դրա համար կենացները քաղցրացան: Անընդհատ դրսևորում էր ագրեսիվ վերաբերմունք ու հայհոյանքներ էր տալիս, մինչև էն պահը, երբ ջահել աղջիկ պարեկն ու տղան ընենց «կալմեչ» արին, որ ըտենց բան մենակ կինոներում կտենայինք»: 

Գ. Շամշյանի տեղեկություններով բերման ենթարկվածը Նարեկ Յ.-ն է:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր