211652_close_icon
views-count57763 դիտում article-date 22:42 25-11-2024

Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել․ ՀՀ ոստիկանապետի տեղակալները, վտանգելով իրենց կյանքը, պրոֆեսիոնալ ձևով վնասազերծեցին նրան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պտղնի գյուղի տներից մեկի բնակիչը նռնակով զինված ահաբեկում և սպառնում է, որ այն կպայթեցնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը և Կոտայքի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ Արթուր Զաքարյանը։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը և «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Ոստիկանները բանակցություններ էին վարում այդ քաղաքացու հետ, որպեսզի նա նռնակը չպայթեցնի։

Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերյոժա Ավագյանի, քննչական բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հովհաննես Թաթոյանի և Էդիկ Զազյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզում են այդ տղամարդու ինքնությունը։

Թե ի՞նչն է եղել պատճառը, որ նա փորձում է նման քայլի դիմել, պարզվում է։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բանակցություններն արդյունք չեն տվել, սակայն ՀՀ ոստիկանապետի տեղակալներ Վ․ Վարդանյանին, Կ․ Հակոբյանին ու Կոտայքի մարզի քրեական ոստիկանության վարչության պետ Ա․ Զաքարյանին հաջողվում է պրոֆեսիոնալ ձևով վնասազերծել տղամարդուն և ոստիկանների գործողությունների շնորհիվ նա չկարողացավ գործի դնել նռնակը։

 Արդեն տեղում քննիչները հայտնաբերել են մարտական 2 նռնակ և թմրանյութի նմանվող զանգված։ 

Այս պահին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 1-ին փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ, փորձում են նռնակները վնասազերծել և տեղափոխել անվտանգ վայր։

Տղամարդուն քրեական ոստիկանները Աբովյանի բաժին են տեղափոխել ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Լ․ Բադալյանի և հրամանատարի տեղակալ Վ․ Կարապետյանի ուղեկցությամբ։ 

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրից ՀՀ Ներքին գործերի նախարարին և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետին անընդհատ զեկուցում էին իրավիճակի մասին։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր