211652_close_icon
views-count874 դիտում article-date 13:00 30-08-2023

Այս ընտրություններով քաղաքացիները կարևորում են ՔՊ-ին իշխանազրկելը. Մեսրոպ Առաքելյան

Երեկ լրացավ քարոզարշավի մեկ շաբաթը, առաջին օրվանից սկսած «Ապրելու երկիր» կուսակցությունը յուրաքանչյուր վարչական շրջանում ու թաղամասերում իր քարոզչական խմբերի միջոցով  մոտ 150․000 քարոզչական նյութեր է բաժանել Երևանի բնակիչներին։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը՝ ամփոփելով քարոզարշավի մեկ շաբաթը։

«Քարոզարշավի մեկ-երկու օրը բնականաբար հասարակության մոտ կար անտարբերության ավելի բարձր մակարդակ, նաև տեղեկացվածության պակաս՝ հաշվի առնելով, որ մարդկանց զգալի մասը տեղյակ չէր, որ ընտրություններ էր։ Յուրաքանչյուր օր մարդկանց վերաբերմունքը ընտրություններին  ավելի էր փոխվում և քարոզարշավի վերջին օրերին մեծացել է հասարակության դրական վերաբերմունքը  ընտրություններին գնալու մասով։ Կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի գլխավորությամբ յուրաքանչյուր օր մենք այցելում ենք Երևանի տարբեր վարչական շրջաններ, կեսից ավելի վարչական շրջաններում արդեն եղել ենք»,- ասաց նա։

Առաքելյանի խոսքով՝ հասարակության շրջանում ընտրությունների նկատմամբ անվստահության հիմնական պատճառներից մեկը Երևանում մի շարք կենցաղային խնդիրների՝ տասնամյակներով չլուծված լինելու հանգամանքն է։

«Քարոզարշավի ընթացքում մենք ոչ միայն ստիպված ենք լինում ներկայացնել մեր ծրագրերը, այլ նաև շատ հաճախ ստիպված ենք պատասխանել քաղաքացիների այն հիմնական հարցերին, թե ինչու ամենատարբեր իշխանություններ Երևանի ամենափոքր խնդիրները չեն լուծել ու ինչպես պետք է այդ ամեն ինչը արագ կարգավորել։

Կարևոր է արձանագրել, որ երևանցիների զգալի մասը, կարևորելով իրենց շենքի, բակի, թաղամասի խնդիրների արագ կարգավորումը, այս ընտրություններում կարևորում է նաև քաղաքական բաղադրիչը, որովհետև քաղաքացիները իրենց չեն առանձնացնում քաղաքական այն խնդիրներից, որ առկա է Հայաստաում և Արցախում։ Հումանիտար ու անվտանգային ճգնաժամը, որ ստեղծվել է Արցախում, քաղաքացիներին անտարբեր չի թողնում։

2021թ-ի ընտրություններից հետո ՔՊ-ի տված խոստումների ամբողջովին չկատարումը, մասնավորապես խաղաղության ու Արցախի ստատուս քվոյի պահպանմանն ուղղված գործողությունները, ամենևին չեն արձանագրում այն պատկերը, ինչը ունենք ՀՀ-ում։ Հետևաբար քաղաքացիները նաև կարևորում են այս ընտրություններով ՔՊ-ին իշխանազրկելը, որը էականորեն կթուլացնի նրանց դիրքերը ու առաջիկա խորհրդարանական ընտրություններում կունենաք այլ պատկեր»,- ընդգծեց Առաքելյանը։

Նա ավելացրեց նաև, որ Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր»-ը մշտապես կարևորել է թե՛ քաղաքային և թե՛ քաղաքական բաղադրիչները և ընտրություններին մասնակցող միակ քաղաքական ուժն է, որ ամբողջական առաջարկ է ներկայացնում և՛, քաղաքական, և՛ քաղաքային  խնդիրների լուծմանը առումով։

Նմանատիպ նյութեր