211652_close_icon
views-count34093 դիտում article-date 16:34 05-09-2023

Արտակարգ դեպք Երևանում․ իրավապահ համակարգից բողոքող տղամարդը փորձել է Կիևյան կամրջից իրեն ցած նետել․ փրկարարները, փրկարար-հոգեբանն ու պարեկները կարողացել են նրան համոզել չդիմել ծայրահեղ այդ քայլին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Փրկարարները, փրկարար-հոգեբանն ու պարեկները տևական ժամանակ բանակցություններ են վարել այդ քաղաքացու հետ, որպեսզի նա հրաժարվի այդ ծայրահեղ քայլին դիմելուց։

Ի վերջո փրկարարներին, փրկարար-հոգեբանին ու պարեկներին հաջողվել է կանխել տղամարդու ինքնասպանությունը և նա Ոստիկանության ծառայողների հետ տեղափոխվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևանի բնակիչ, 62-ամյա Լ․ Խ․-ն է, ով փորձել է ինքնասպան լինել՝ բողոքելով իրավապահ համակարգից։

Դեպքի փաստով Ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է այն փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր