211652_close_icon
views-count1096 դիտում article-date 18:53 08-09-2023

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են իրանական խոշոր շինարարական ընկերության հետ համագործակցության հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական «Քեյսան Քոնստրաքշն» շինարարական խոշոր ընկերության և հայ-իրանական առևտրի տուն հանդիսացող «Իմպ-Էքս Թրեյդ Հաուս»-ի ներկայացուցիչներին՝ քննարկելու համար քաղաքաշինության ոլորտում համագործակցության ուղիներն ու ներդրումային հնարավոր ծրագրերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ողջունել է իրանական ընկերության պատրաստակամությունը՝ ընդգրկվելու Հայաստանի շինարարության ոլորտում՝ հաշվի առնելով հանրապետությունում իրականացվող և առաջիկա տարիներին կառավարության նախատեսած մեծամասշտաբ դպրոցաշինական, ճանապարհաշինական ծրագրերը. «Խնդիր է դրված իրագործել բոլոր ծրագրերը բարձր որակով և ժամանակին՝ այդ նպատակով գործնական քայլեր կատարելով նաև դյուրացնելու համար օտարերկրյա կազմակերպությունների, մասնագիտական ներուժի ներգրավումը»:

«Քեյսան Քոնստրաքշն» ընկերության գլխավոր տնօրեն Քամրան Քիային ներկայացրել է ընկերության փորձը բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրային և էներգետիկ ենթակառուցվածքների, թունելների, երկաթգծի կառուցման ոլորտներում: Նա տեղեկացրել է նաև ընկերության կազմում գործող, տարածաշրջանում երկրաշարժերի ազդեցությունն ուսումնասիրող կենտրոնի մասին՝ առաջարկելով փորձի փոխանակում կազմակերպել հայ և իրանցի մասնագետների համար:

Հայաստանի և Իրանի փոխադարձ տնտեսական հետաքրքրվածությունը հաշվի առնելով՝ կողմերն ընդգծել են շինարարության ոլորտում համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունը: Հայկական և իրանական ընկերությունների գործարար կապերի հաստատմանը նպաստող տեղական «Իմպ-Էքս Թրեյդ Հաուս» ընկերության խորհրդի նախագահ Ռոբերտ Հայրապետյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու համագործակցության կայացմանը:

Նմանատիպ նյութեր