211652_close_icon
views-count1138 դիտում article-date 23:30 14-09-2023

Անահիտ Մանասյանը մասնակցել է «Սահմանադրական արդարադատության հարթակ» նոր նախաձեռնության մեկնարկին նվիրված միջոցառմանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է «Սահմանադրական արդարադատության հարթակ» (ՍԱՀ) նոր նախաձեռնության մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Նախաձեռնությանը մասնակից են դառնալու այն պետական մարմիններն ու քաղաքացիները, որոնք Սահմանադրության ուժով իրավունք ունեն դիմելու ՀՀ Սահմանադրական դատարան։

Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ծրագրի իրականացումը՝ հաշվի առնելով ծրագրի դերակատարությունը մարդու իրավունքների պաշտպանության, սահմանադրական արդարադատության մատչելիության երաշխավորման և իրավունքի գերակայության ամրապնդման հարցում: Պաշտպանն իր խոսքում ընդգծել է, որ որպես Սահմանադրական դատարան դիմումներ և հատուկ դիրքորոշումներ (amicus curiae briefs) ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձ՝ նա հատկապես կարևորում է ինչպես Սահմանադրական դատարանի հետ արդյունավետ համագործակցությունն ու կառուցողական երկխոսությունը, այնպես էլ Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների՝ դիմումների և հատուկ դիրքորոշումների մշակման հմտությունների շարունակական կատարելագործումը։

Անահիտ Մանասյանը նաև հատուկ ընդգծել է առաջիկայում անցկացվելիք աշխատաժողովի կարևորությունը, որն ուղղված է ինչպես ՄԻՊ և ՍԴ միջև երկխոսության ամրապնդմանը, այնպես էլ Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը։

Նշենք, որ նախաձեռնությունն իրականացնում է Սահմանադրական դատարանն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համատեղ:

Նմանատիպ նյութեր