211652_close_icon
views-count52131 դիտում article-date 11:56 18-09-2023

Արտակարգ դեպք Գավառի մանկատանը, որտեղ հերթական միջադեպն է տեղի ունեցել. 14-ամյա տղան ծեծի է ենթարկվել. նա հեռացել է մանկատնից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 16-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Սևանի պահպանության բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատարը Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի մոտակայքում ծառայություն կատարելու ժամանակ նկատում է մի երեխայի: 

Ոստիկանության ծառայողը մոտենում է երեխային և պարզում է, որ նա Գավառի մանկատան սան է ու նրան տեղափոխում է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղ 14-ամյա տղան, ում անունը նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում, ոստիկաններին պատմում է, որ մանկատանը իրեն ծեծի են ենթարկել, ոտքերով և ձեռքերով հարվածել են իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, դեմքի և պարանոցի շրջաններին էլ մարմնական վնասվածքներ է ստացել: Այդ ամենից հետո երեխան հեռացել է մանկատնից: 

Դեպքի փաստով Ոստիկանության Սևանի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունքի մարզային քննչական վարչություն, իսկ երեխային տեղափոխել են Գավառի մանկատուն: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Գավառի մանկատանը տիրում է անառողջ վիճակ, արդեն մի քանի սկանդալային դեպքեր են տեղի ունեցել մանկատան սաների հետ, սակայն, չգիտես ինչու, պատկան մարմինները հետևություններ չեն անում, իսկ Գավառի մանկատանը երբևիցե նման դեպքեր տեղի չեն ունեցել: Պատճառը հավանաբար տնօրինության կողմից ոչ սրտացավ մոտեցումն է երեխաների նկատմամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSYAN.com, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գավառի բաժնում սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվել։ 

Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Գավառի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Գավառի մանկատան 18-ամյա սանը սեռական հարաբերություն է ունեցել նույն մանկատան անչափահաս աղջկա հետ։

Ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Գավառ քաղաքի Թումանյան փողոցում մայիսի 19-ին հայտնաբերել են Նարեկ Պ․-ին, ով տեղափոխվել է Ոստիկանության Գավառի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Նարեկ Պ․-ն խոստովանել է, որ 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2023-ի մարտ 3 անգամ սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջնակի նկատմամբ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր