211652_close_icon
views-count1702 դիտում article-date 19:54 18-09-2023

«Եթերի թույնը հանրային մուլտիպլեքս բերել-լցնելու» պատասխանատուներից մեկը Ա. Բաբաջանյանն է

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախորդ շաբաթ «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը իր մի քանի կուսակիցների հետ «խաչակրաց արշավանք»  էր սկսել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի դեմ: Մեզ հասցեագրված «քննադատության»  առիթը (պատճառներն, ըստ իս,  ավելի խորն են) հանրային մուլտիպլեքսում երկու ռուսական հեռուստաալիքների  հեռարձակումն է։

Պատվարժան կուսակցականները Հանձնաժողովին  մեղադրում են կամքի բացակայության,  «ռուսական ամբողջ եթերի թույնը Հայաստանի հարկատուներին պատկանող հանրային մուլտիպլեքս բերել-լցնելու» մեջ եւ այլն: Ա. Բաբաջանյանը նույնիսկ  հայտարարել էր, որ հանձնարարել է իրավաբաններին պարզել ՀՌՀ անգործության հիմքերը՝ հայցով համապատասխան մարմիններ  դիմելու նպատակով։

Եվ քանի որ Հայաստանի մեդիա դաշտը կարգավորող մարմնի դեմ քարոզչական արշավը համակարգված բնույթ էր կրում, մոլորեցնում էր  հանրությանը, ստվեր էր գցում Հանձնաժողովի աշխատանքների վրա, ստիպված եմ հնարավորինս հակիրճ պատասխանել հնչած մեղադրանքներին: Եւ այսպես.

Համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի  (ընդունվել էր 2020 թ․օգոստոսին) եւ ՀՀ եւ ՌԴ միջեւ կնքված միջկառավարական Համաձայնագրի (ստորագրվել է 2020 թ․ դեկտեմբերին) ռուսական հեռուստաալիքները մուլտիպլեքսում հեռարձակվում են առանց ՀՌՀ կողմից տրվող լիցենզիայի եւ նրանց գործունեությունը չի կարգավորվում Հանձնաժողովի կողմից։  Ուստի, Հանձնաժողովը լիազորություններ չունի խախտումների դեպքում վարչական վարույթներ հարուցել այդ հեռուստաալիքների նկատմամբ, տույժեր կիրառել, կասեցնել կամ չեղարկել լիցենզիան։ Միջկառավարական համաձայնագրում ամրագրված  է, որ փաստաթղթի  իրագործման լիազոր մարմիններն են՝ թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարարությունը (ՌԴ կողմից) եւ  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարուրությունը (ՀՀ կողմից), իսկ  Համաձայնագրի կիրառման, այդ թվում՝ հնարավոր տարաձայնությունների հաղթահարման նպատակով լիազոր մարմինները տարին առնվազն մեկ անգամ պետք է խորհրդակցություններ անցկացնեն, անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբեր ստեղծեն կոնֆլիկտային իրավիճակները հաղթահարելու համար: Ինչպես տեսնում եք, այս կոնտեքստում ՀՌՀ լիազորությունները խիստ սահմանափակ են:

Հիմա ամենակարեւորի մասին․  Օրենքն, ինչպես նշեցի,  ընդունվել էր 2020 թ․-ին, այսինքն՝   նախորդ գումարման   Ազգային Ժողովի կողմից: Այդ ժամանակ պարոն Բաբաջանյանը Ազգային ժողովի  պատգամավոր էր եւ (ուշադրություն N1) կողմ էր քվեարկել այն օրենքին,  որն իր խոսքով «ռուսական ամբողջ եթերի թույնը բերեց-լցրեց հանրային մուլտիպլեքս»:   Ավելին,   ԱԺ պատգամավոր Ա.Բաբաջանյանը (ուշադրություն N2) այդ օրենքի (որը հնարավորություն էր տալիս օտարերկյա հեռուստաալիքների սփռումը մուլտիպլեքսում միջպետական պայմանագրերի միջոցով) համահեղինակն է (կրկնե՛մ ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿԸ): Այսպիսով, տրամաբանությունը հուշում է, որ  օրենքի համահեղինակ եւ ջատագով (համացանցում պահպանվել են նրա ելույթներն  օրենքի ընդունման անհրաժեշտության մասին) Ա.Բաբաջանյանը «թույնը Հայաստանի հարկատուներին պատկանող հանրային մուլտիպլեքս լցնելու»  գլխավոր  պատասխանատուներից մեկն է: 
Չեմ բացառում, որ բազմազբաղ  կուսակցապետը  պարզապես մոռացել է իր հեղինակած օրենքի եւ ՌԴ-ՀՀ համաձայնագրի դրույթների մասին:  Ուստի, հույս եմ փայփայում, որ այս հիշեցումից հետո պարոն Ա.Բաբաջանյանը կվերաձեւակերպի իրավաբաններին իջեցված հանձնարարականը՝ այս անգամ ուսումնասիրել  հենց Ա.Բաբաջանյանի  «հանցավոր գործունեությունը»,  ինչի պատճառով  իր իսկ խոսքերով   «սպառնալիքներ առաջացան  Հայաստանի ազգային  անվտանգությանը»: Կամ չսպասելով իրավաբանների եզրակացությանը՝ ներողություն կխնդրի Հանձնաժողովից  եւ Հայաստանի քաղաքացիներից մանիպուլյատիվ եւ ապատեղեկացնող ելույթների համար։

Մեր  «անգործությունը» հերքող  փաստեր ներկայացնելու կարիք չեմ տեսնում: ՀՌՀ-ն ձեւավորված է ՀՀ Սահմանադրության պահանջով եւ  իր գործունեության մեջ առաջնորդվում է բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահով: 
Մասնավորապես,   ռուսաստանյան մեր գործընկերների հետ մշտապես բաց եւ անկեղծ երկխոսության  մեջ ենք, ՀՌՀ իրավասության շրջանակներում գտնվող բազմաթիվ խնդիրներ ենք լուծել, կամ լուծման ճանապարհին ենք: Իսկ բազմիցս հնչեցրած իմ փաստարկված դիրքորոշմանը  հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի (անկախ նրանից ռուսական են, ամերիկյան, թե հնդկական) սփռման վերաբերյալ  հանրությունը (այդ թվում անձամբ պարոն Բաբաջանյանը) քաջածանոթ է,  կարիք չկա այն կրկնել:
Առայժմ այսքանը:

P.S. Սեպտեմբերի 8-ին ընդունել էի ՌԴ թվային զարգացման կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարարության պատվիրակությունը  փոխնախարար Բելա Չերկեսովայի գլխավորությամբ (երկու տարվա ընթացքում սա մեր երրորդ հանդիպումն էր): Քննարկեցինք բազմաթիվ հարցեր,  այդ թվում  երկու երկների հեռուստաեթերներում «անցանկալի» բովանդակության նվազեցմանը միտված քայլեր: Տիկին փոխնարարի հետ համաձայնության եկանք կարեւոր   խնդրի շուրջ, «սառեցնելով» ռուսական կողմի մի նախաձեռնության իրագործումը, որը բացասական ազդեցություն կունենար հայկական հեռուստագովազդի շուկայի վրա: Հասկանալի է, որ ոչ բոլոր քննարկման հարցերի շուրջ կարող եմ հրապարակավ խոսել, բայց վստահորեն պնդում եմ, որ բոլոր խնդիրների քննարկումը միշտ անցնում է անկեղծ փոխըմբռնման  մթնոլորտում: Եւ կանոնավոր աշխատանքները ՌԴ շահագրգիռ մարմինների հետ շարունակվելու են հանուն Հանրապետության:

Ինչու՞ ավելացրեցի այս հետգրությունը: Որովհետեւ, ՀՌՀ-ի դեմ արշավը սկսվեց այս հանդիպման մասին մամլո հաղորդագրությունը տարածելուց անմիջապես հետո: Մի գուցե պատահական համընկնում էր...

Նմանատիպ նյութեր