211652_close_icon
views-count925 դիտում article-date 21:06 20-09-2023

Խնդիրը մարդկանց հետ խոսելն է, այլ ոչ թե նրանց վրա կրակելը․ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է ԼՂ հայերի ճակատագրին

ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը սոցցանցի X հարթակում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության հետագա ճակատագրին՝ վկայակոչելով «Ռոյթերսին» տված իր հարցազրույցը։
   
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանն իր հարցազրույցում նշել է.

«Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, տեղական ժամանակով ժամը 13.00-ի սահմաններում սանձազերծված վերջին ռազմական ագրեսիան Ադրբեջանի կողմից տարածաշրջանը էթնիկ զտման ենթարկելու վերջին փորձն էր և դրանով իրագործվում են բոլոր այն մտադրությունները, որոնք տեսանելի էին բավական երկար ժամանակ:

Մենք տեսել ենք, այսպես կոչված, մարդասիրական միջանցքների մասին Ադրբեջանի հայտարարությունները, որոնք չենք կարող նկարագրել ոչ այլ կերպ, քան Լեռնային Ղարաբաղի հայերին տարածաշրջանից դուրս գալու հրավերներ:

Պատմությունը դժվար է եղել հայերի համար հազարամյակների ընթացքում: Մեզ համար երբևէ հեշտ չի եղել, այդպես էլ շարունակվում է: Բայց, կարծում եմ, ձեր արծարծած թեման հենց այն թեման է, որը պետք է քննարկվի Ստեփանակերտի և Բաքվի երկխոսության շրջանակներում։

Մեզ համար ամենակարևոր թեման Լեռնային Ղարաբաղի հայերի մարդու իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովումն է։

Կատարյալ աշխարհում, իհարկե, անհնարին ոչինչ չկա: Դրա համար պետք է խոսել մարդկանց հետ, այլ ոչ թե կրակել նրանց վրա»:

Նմանատիպ նյութեր