211652_close_icon
views-count85999 դիտում article-date 16:33 25-09-2023

Արտակարգ իրավիճակ Երևանի Արաբկիր վարչական շրջանում․ բնակիչներն ասում են․ «Թաղապետարանը ինչքան ասֆալտապատեց, խնդիրը չվերացավ, իսկ «Վեոլիա ջուր»-ը դարձել է մեր բակի «կույրաղիքը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 1 հասցեի շենքի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ բակում եղած 2 դիտահորերը իսկական պատուհաս են դարձել ոչ միայն անցորդների, այլ նաև վարորդների համար։

Գրեթե ամեն օր այդ դիտահորերի պատճառով ավտոմեքենաներ են վնասվում, եղել են նաև դեպքեր, որ երեխաները բակում խաղալիս հեծանիվով կամ իրենց մանկական ավտոմեքենայով ընկնում են փոսն ու մարմնական վնասվածքներ ստանում։

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․

«Մի քանի տարի է էս դիտահորերը մեր գլխին դառել են չարիք։ Էլ ավտոմեքենաներ կոտրվել, էլ երեխաները խաղալուց վնասվածքներ ստանալ․ մեռանք քաղաքապետարանի թեժ գիծ ու «Վեոլիա ջուր» զանգելով, ոչ մի արդյունք։ Մի 2 անգամ Արաբկիրի թաղապետարանը ասֆալտապատել ա, բայց դա հարցի լուծում չի եղել, շաբաթներ անց նույն փոսը նորից ժողովրդի լեզվով ասած՝ ջրի երես ա դուրս ելել։ Պիտի կապիտալ վերանորոգվի ու դա պետք է անի մեր տեղեկություններով՝ «Վեոլիա ջուր»-ը, էնտեղից էլ, եթե առաջ պատասխանում էին, թե տեղյակ ենք, կկարգավորենք, հետո սկսեցին՝ դա մեր ֆունկցիան չի, իսկ հիմա էլ ընդհանրապես չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին։

Չգիտենք էլ ում դիմենք։ Ցերեկը էլի ոչինչ, գիշերը, որ բակ անծանոթ մարդ ա մտնում ավտոմեքենայով, տեղանքին ծանոթ չի լինում, ու նենց ա ողջագուրվում էդ դիտահորին, որ անգամ խոր արջաքուն էլ մտած լինես, էդ ձայնից վեր ես թռնում։ Իսկ ցերեկներն էլ եթե բնակիչները ջուր են բաց թողում, տարածքում տիրում է գարշահոտություն, իսկ «Վեոլիա ջուր»-ը ասես մեր բակի «կույրաղիքը» լինի, չի փորձում անգամ դիտահորի մեջ վնասված խողովակը փոխի այն դեպքում, երբ բնակիչներս կանոնավոր վճարումները կատարում ենք»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր