211652_close_icon
views-count985 դիտում article-date 23:35 02-10-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին

Tert.am-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին` ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանի։

Հոգեշնորհ Հայր Սուրբը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ընդգծեց, որ ուխտավորներն ամենայն հայոց հոգևոր կենտրոն են ժամանել իրենց ուխտը Սուրբ Էջմիածնում նորոգելու և իրենց զորակցությունը բերելու հայ ժողովրդին այս ծանր օրերին։

Իր սերն ու օրհնությունը բերելով հայորդիներին՝ Վեհափառ Հայրապետը կարևորեց աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, հատկապես հայրենիքի համար այս դժվարին ժամանակաշրջանում, ինչը հնարավորություն է ընձեռնում հաղորդ դառնալու Հայաստանի և բռնի տեղահանված արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև Մայր Աթոռի կողմից Արցախից բռնի տեղահանված հայորդիներին ցուցաբերվող աջակցության և Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված աշխատանքներին։

Նորին Սրբությունը, կարևորելով Սփյուռքի դերակատարությունը, հորդորեց ԱՄՆ-ի հայ ուխտավորներին իրենց երկրում բարձրաձայնելու Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության խնդիրը և հետևողական ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև պատգամեց ուխտավորներին զորակից լինել Հայաստանին, հայրենազրկված արցախցիներին և ջանք ու ճիգ չխնայել ի նպաստ հայրենիքի շենացման ու զորացման։

Նմանատիպ նյութեր