211652_close_icon
views-count3307 դիտում article-date 09:18 07-10-2023

Շատ ուրախ եմ, որ ուղեգիրն արդեն ունեմ, այժմ կպայքարեմ կրկնակի չեմպիոնի տիտղոսի համար. Արթուր Դավթյան. News.am

Աշխարհի առաջնության գալուց նպատակս մեկն էր՝ նվաճել օլիմպիական ուղեգիր, որն էլ արեցի: Այժմ կպայքարեմ աշխարհի կրկնակի չեմպիոնի տիտղոսի համար: Քանի որ որակավորման փուլում ոտքիս վնասվածքով ամենաբարձր միավորներ եմ վաստակել, եզրափակիչում ամեն ինչ էլ կարող է լինել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Անտվերպենից ասաց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանը:

Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 7-ին եւ 8-ին տեղի կունենան առանձին գործիքների եզրափակիչները: Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից հոկտեմբերի 7-ին տիտղոսի համար կպայքարեն Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը:

Հոկտեմբերի 8-ին աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկրորդ անգամ կփորձի նվաճել Արթուր Դավթյանը հենացատկի եզրափակիչում:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը հոկտեմբերի 1-ին բազմամարտով արդեն ապահովել է Փարիզ-2024-ի ուղեգիրը:

«Ուրախ եմ, որ կարողացա գլխավոր նպատակս իրականացնել, նվաճել օլիմպիական ուղեգիր: Առաջին օրը բազմամարտում լավ մասնակցեցի: Սպասվածից ավելի լավ եղավ արդյունքը: Այստեղ գալուց նպատակս մեկն էր, որ նվաճեմ ուղեգիր: Ոտքի վնասվածք ունեի, որն ինձ շատ խանգարեց մարզումային փուլում: Կարելի է ասել՝ հենացատկը չէի պատրաստվել: Այնպես, ինչպես ցատկեցի մրցմանը, չէի արել մարզումների ժամանակ: Երկրորդ ցատկը շատ լավ ստացվեց, բազմամարտը նորմալ անցա, բարձր միավորներ վաստակեցի եւ ուղեգիր ապահովեցի: Շատ լավ է, շատ ուրախ եմ, որ ուղեգիրն արդեն ունեմ: Աշխարհի առաջնությունից հետո առաջնային խնդիրս կլինի ոտքիս բուժումը: Դրանից հետո արդեն աստիճանաբար կսկսեմ պատրաստվել Օլիմպիական խաղերին:

Ինչպես արդեն ասացի հենացատկում սպասվածից բարձր արդյունք ցույց տվեցի: Վնասվածքովս պայմանավորված, չէի սպասում, որ առաջին տեղով դուրս կգամ եզրափակիչ, քանի որ չէի կարողացել պատրաստվել: Վնասվածքս ստացել էի հավաքներից առաջ, բայց քանի որ աշխարհի առաջնությունում բազմամարտով էր ամենաիրատեսականը ուղեգիր նվաճելը, անպայման պետք է մասնակցեի:
Հենացատկի եզրափակիչից սպասելիքներ ունեմ: Քանի որ առաջին տեղով եմ դուրս եկել եզրափակիչ, ինձ թվում է՝ ամեն ինչ էլ կարող է լինել»,- ասաց Արթուր Դավթյանը:

Աշխարհի չեմպիոնը բազմամարտում անվանական ուղեգիր է նվաճել:

Նշենք, որ աշխարհի առաջնությունում առանձին գործիքներում խաղարկվում է 6 ուղեգիր: Օլիմպիական ուղեգիր նվաճում են միայն ոսկե մեդալակիրները: Արթուր Դավթյանի աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալու դեպքում օլիմպիական ուղեգիրը կհասնի արծաթե մեդալակրին:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից ուղեգրերի համար պայքարելու հնարավորություն ունեն Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետսիյանը։

Հոկտեմբերի 7-ին նժույգ թափերի եզրափակիչում կմրցի  Հարություն Մերդինյանը: Նժույգ թափեր վարժության եզրափակիչի առաջին պահեստայինը Գագիկ Խաչիկյանն է:

Օղակների վարժության եզրափակիչում մեդալների համար կպայքարեն Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը:

Նմանատիպ նյութեր