211652_close_icon
views-count1363 դիտում article-date 22:38 12-10-2023

Անահիտ Մանասյանն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին և գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների դեպքերը, որոնք արձանագրվել են Ադրբեջանի վերջին ագրեսիայի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանման ընթացքում:

Պաշտպանը հատուկ անդրադարձել է ԼՂ հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների քաղաքականությանը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից խոշտանգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերին:

Պաշտպանը ներկայացրել է նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ շեշտելով բռնի տեղահանված անձանց իրավունքների շարունակական երաշխավորման անհրաժեշտությունը:

Հանդիպման շրջանակում Անահիտ Մանասյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված` մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին՝ արձանագրելով, որ մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից խիստ մտահոգիչ է ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում։

Կողմերը քննարկել են Պաշտպանի կողմից արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտումների՝ միջազգային իրավունքին հանրածանոթ մեխանիզմների ներդրմամբ հասցեագրման կարևորությունը:

ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը այս համատեքստում կարևորել է Պաշտպանի մանդատի շրջանակում թե՛ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին, և թե՛ պետությանը ներկայացվող առաջարկությունները:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր