211652_close_icon
views-count10603 դիտում article-date 09:11 18-10-2023

Դանակահարություն՝ Երևանում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրի բակում. 33-ամյա տղամարդը «որովայնի առաջային պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին, որ «որովայնի առաջային պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երանի բնակիչ 33-ամյա Նիկոլայ Պ.-ն:
 
Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 00:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրի բակում վիճաբանություն է տեղի ունեցել Նիկոլայ Պ.-ի և Երևանի բնակիչ՝ 31-ամյա Հարություն Ն.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Նիկոլայ Պ.-ին:

Դեպքի փաստով Ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել , որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Հարություն Ն.-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր